Շարունակվում են չարորակ նորագոյացությունների ախտորոշմանը և չեզոքացմանը նպաստող նոր միացությունների որոնման հետազոտությունները
14 րոպեի ընթերցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացվում են կարևոր և հեռանկարային ուսումնասիրություններ, այդ թվում՝պոտենցիալ հակաքաղցկեղային ակտիվությամբ օժտված միացությունների ստացում, դրանց ուսումնասիրություն, մայրական կաթից անջատված կաթնաթթվային մանրէների հիման վրա ֆունկցիոնալ սննդի արտադրության կազմակերպում, բույսերի աճի և զարգացման խթանման պատրաստուկների մշակում և այլն, որոնք թիրախային են տարբեր երկրների առաջատար գիտական հաստատությունների համար: Այստեղ աշխատող հայ գիտնականները նաև արդյունավետ համագործակցում են արտասահմանյան գործընկերների հետ: Կենտրոնի գործունեության և ծրագրերի մասին «Արմենպրես»-ին պատմել է հաստատության տնօրեն Ավետիս Ծատուրյանը:
- Գիտական ի՞նչ մշակումներ և հետազոտություններ են ներկայում իրականացվում Ձեր ղեկավարած կենտրոնում: Դրանք կարո՞ղ են ունենալ կիրառական նշանակություն և ներդրվել արտադրությունում:
- Մեր կենտրոնը կառավարության որոշմամբ ձևավորվել է 2010 թվականին՝ Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի և Մանրէների ավանդադրման կենտրոնի միավորման արդյունքում: Կենտրոնի գործունեության հիմնական կիրառական ուղղություններն են կենսատեխնոլոգիան և մանրէաբանությունը, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանությունը, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիան, գենային ինժեներիան, մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրությունը, ինչպես նաև օրգանական սինթեզը, ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզը:
Կենտրոնում իրականացված հեռանկարային մշակումները 2015 թվականից վերածվում են կիրառական արդյունքի, այսինքն՝ ապրանքայնացվում են: Առաջին հաջողված ծրագրերից էր ոչ սպիտակուցային ամինաթթուների փոքրածավալ արտադրության կազմակերպումը, որի հիմնադիրը Հայաստանում ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է:
Դեռևս 2000-ական թվականներից համագործակցում ենք արտասահմանյան գործընկերների հետ: Մեր կենտրոնում սինթեզվում են ոչ սպիտակուցային ամինաթթուներ, որոնք համարվում են դեղաբանորեն և կենսաբանորեն պոտենցիալ ակտիվ միացություններ: Դրանց պրեպարատիվ քանակները վաճառում ենք, մասնավորապես՝ բելգիական, գերմանական ընկերություններին: Այդ միացությունները կիրառվում են ՊԷՏ (Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա) ախտորոշման բնագավառում, ինչպես նաև հանդիսանում են ազդանյութեր տարբեր դեղամիջոցների մշակման համար:
Հետագայում ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզի հիման վրա ձևավորվեց պեպտիդների սինթեզի լաբորատորիան, որտեղ գիտական խումբը սինթեզում է ոչ սպիտակուցային ամինաթթուներ ներառող կարճ պեպտիդներ, որոնք ունեն պոտենցիալ դեղաբանական և կենսաբանական ակտիվություն:
2015 թվականից կենտրոնում արտադրվում են նաև նախորդ տարիների մեր գիտական մշակումների վրա հիմնված մի շարք ապրանքատեսակներ: Մասնավորապես՝ «Նարինե» կաթնաթթվային մթերքի շուրջ 7 տեսակ՝ դասական, ըմպելի և մրգային տարբեր համերով, որոնք այսօր հաջողությամբ իրացվում են տեղական շուկայում: Դրա հիման վրա հետագայում հիմնվեց պատիճավորված «Նարինե»-ի արտադրությունը: Այն պայմանագրային հիմունքներով իրացվում է Չեխիայում, Լատվիայում և Ռուսաստանում: Պրոբիոտիկների և ֆունկցիոնալ սննդի շարքի այս մշակումները բավական պահանջված են մեզ հետ համագործակցող երկրներում:
2023 թվականից արտադրում ենք նաև «Նարարգին» պատիճավորված պրոբիոտիկը, որը պարունակում է երկու կաթնաթթվային մանրէ և հիմնականում ցուցված է երկրորդ տիպի շաքարախտի դեպքում՝ որպես բուժկանխարգելիչ պրեպարատ և կենսաբանորեն ակտիվ հավելում: Այն նույնպես իրացվում է արտասահմանում՝ Չեխիայում և Լեհաստանում: Պրոբիոտիկների շարքի այս մշակումները շարունակում ենք զարգացնել. հուսով եմ՝ այս տարի կկազմակերպենք ևս 1-2 նոր պրեպարատի սերիական արտադրություն:
Մեր կենտրոնի կարևոր ուղղություններից է նաև գյուղատնտեսական կենսատեխնոլոգիան, որը հիմնված է Մանրէների ավանդադրման կենտրոնում պահպանվող շտամ արտադրիչների, մանրէների վրա: Ազոտ ֆիքսող միկրոօրգանիզմերի կիրառմամբ արդեն մոտ 13 տարի արտադրում ենք «Էկոբիոֆիտ» և «Էկոբիոֆիտ+» կենսապարարտանյութ: Դրանք բույսերի աճը խթանող և բերքատվության բարձրացմանը նպաստող էկոլոգիապես մաքուր պարարտանյութեր են:
Կազմակերպել ենք նաև դեղապատրաստուկների, ինչպես նաև տեղական հումքից բուսական յուղերի ստացման փոքր արտադրամասեր: Ամբողջ գործընթացն իրականացվում է մեր կենտրոնում, իսկ արտադրանքն իրացվում է տեղական և արտասահմանյան շուկաներում: Կիրառական այս մշակումների հետ կապված պայմանագրեր ունենք ավստրիական ընկերության հետ. տեղական հումքից արտադրում ենք բուսական չոր էքստրակտներ, էլիքսիրներ և բալզամներ, որոնք նույնպես իրացվելու են եվրոպական շուկայում:
Կենսապարարտանյութի նոր տեսակների մշակման և սերիական արտադրության հեռանկարային համագործակցություն է ձևավորվել վրացական ընկերության հետ:
Բնականաբար, այս ամենը նաև ֆինանսական որոշակի եկամուտ է ապահովում մշակումների հեղինակներին, բուն կենտրոնին և մեր աշխատակիցներին: Այդ հավելյալ եկամուտների հաշվին կարողանում ենք նոր ներդրումներ կատարել մեր փորձաարտադրական կայանում, իրականացնել նոր մշակումներ, բարելավել ենթակառուցվածքները ու ձեռք բերել նոր սարքավորումներ:
- Տեղյակ ենք, որ 2024-ին կենտրոնում կառուցվել են ցիանոբակտերիալ շտամներ, որոնք ունակ են սինթեզել 5-ամինոլևոլինաթթուն, որը կիրառվում է չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման նպատակով: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:
- Նախ նշեմ, որ 2021-22 թվականներից Հայաստանում զգալիորեն ավելացել է գիտության ֆինանսավորումը, այդ թվում՝ բազային ֆինանսավորումը: Գիտական տարբեր տարակարգեր զբաղեցնող անձանց աշխատավարձերը մինչև 2025 թվականը բարձրացվել են համապատասխան գործակցով: ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է մրցույթային տարբեր ծրագրեր: Հենց ԲԿԳ կոմիտեն է ֆինանսավորել մեր կենտրոնում ներկայում իրականացվող շուրջ 20 մրցույթային ծրագրեր, այդ թվում՝ ձեր նշած թեմատիկայով:
Աշխատանքներն իրականացվել են մեր մոտ, իսկ հակաքաղցկեղային հետազոտությունները՝ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ համատեղ:
Էությունը նրանում է, որ 5-ամինալևուլինաթթուն (ԱԼԹ), համակցված այլ միացության հետ, ուղղվում է դեպի թիրախային քաղցկեղային բջիջ, այնուհետև ախտորոշման տարբեր մեթոդներով կարողանում ենք ֆիքսել և ոչնչացնել այդ բջիջները: Փորձարկումները հիմնականում իրականացվել են մարդու կրծքի նորագոյացությունների մոդելի վրա:
ԱԼԹ-ն հայտնի է որպես ֆոտոզգայուն միացություն, համարվում է հեռանկարային՝ քաղցկեղների ֆոտոդինամիկ ախտորոշման և բուժման մեջ։ Այն կիրառվում է հատուկ լուսավորության ազդեցության ներքո քաղցկեղային բջիջները հայտնաբերելու և ոչնչացնելու համար։
Խորվաթ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել ենք նաև լաբորատոր և կիսաարտադրական պայմաններում ֆոտոկենսառեակտորների կիրառմամբ ԱԼԹ-ի ստացման հնարավորությունները:
Իսկ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային տեխնոլոգիաների լաբորատորիայի հետ համատեղ իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ գլիկոգլիցերոլիպիդների հետ ԱԼԹ-ի համակցման արդյունքում կրծքագեղձի քաղցկեղի բջջային մոդելների վրա բարձրանում է գլիկոգլիցերոլիպիդների հակաքաղցկեղային պոտենցիալ ազդեցությունը:
Նշված ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մարտի 1-ից Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորում է նոր ծրագիր՝ «Միկրոջրիմուռների և ցիանոբակտերիաների մոնոգալակտոզիլդիացիլգլիցերինի կենսասինթեզի առանձնահատկությունների բնութագրում։ Հակաքաղցկեղային ազդեցության ուսումնասիրություն» թեմայով։
- Նախորդ տարի ձեր կենտրոնի կաթնաթթվային բակտերիաների հետազոտման լաբորատորիան մայրական կաթից ֆունկցիոնալ սնունդ ստանալու միջոց էր մշակել: Կխնդրեի անդրադառնալ նաև այդ աշխատանքին, մշակումն արդեն արտադրության փուլո՞ւմ է:
- Նման հետազոտություններ իրականացնում են տարբեր երկրների գիտական խմբեր: Մենք զբաղվում ենք 2013 թվականից՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Դանիելյանի ատենախոսական աշխատանքի շրջանակներում: 2023-24 թվականներին շարունակել ենք արդեն Հայ օգնության ֆոնդի ANSEF դրամաշնորհային ծրագրի միջոցով: Մայրական կաթից մեկուսացվել և նույնականացվել են կաթնաթթվային մանրէներ, որոնք պիտանի են կենդանական կաթի մերման համար: Քանի որ մերած տարբերակը կազմով և բաղադրությամբ շատ մոտ է մայրական կաթին՝ դա կարող է ծառայել որպես ֆունկցիոնալ, հավելյալ սնունդ նորածինների համար: Մշակումն արդեն կա, բայց դեռևս չի արտադրվում:
- Իսկ ե՞րբ եք նախատեսում արտադրել:
- Արտադրության կազմակերպումը բավական բարդ և երկար գործընթաց է, եթե դա փորձում է իրականացնել պետական կազմակերպությունը: Դրա համար պահանջվում է համապատասխան ենթակառուցվածքի ստեղծում, պետական գրանցումների և շուկայի ուսումնասիրությունների իրականացում և այլն:
- Ըստ ձեզ, Հայաստանում որքանո՞վ է արդյունավետ գործում գիտություն-տնտեսություն-արտադրություն շղթան: Դրա հետ կապված ի՞նչ խնդիրներ, նկատառումներ կամ առաջարկներ կարող եք ներկայացնել:
- Բավական ցավոտ թեմա եք արծարծում: Պետություն-մասնավոր հատված-գիտություն համագործակցություն կա այնքանով, որքանով մասնավոր կազմակերպությունները, տնտեսվարողները հետաքրքրված են նորարարություններով: Բայց կա նաև տեսակետ, որ այդ կապը բացակայում է: Շատ տնտեսվարողներ նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ են անում գիտնականները, իսկ գիտությունն էլ, գուցե, այդքան արագ չի կարողանում արձագանքել տնտեսության կարիքներին:
Այս համատեքստում ուզում եմ նշել, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն նախորդ տարի կազմել է աշխատանքային մեծ խումբ, որը համագործակցելով պետական տարբեր գերատեսչությունների հետ, պետք է ձևակերպի խնդիրները և գիտական կազմակերպություններին ներկայացնի համապատասխան առաջադրանքներ: Սա նույնպես բավականին դժվար և երկար ճանապարհ է, որը պիտի անցնենք:
Հայաստանի նման պետության համար, որը մեծ ռեսուրսների չի տիրապետում, գիտությունը պիտի նաև նպաստի տնտեսության զարգացմանը: Պիտի լինի գիտության զարգացման ռազմավարություն, որպեսզի ոլորտային գիտական կազմակերպությունների կարողությունները ուղղվեն տնտեսության զարգացմանը: Այս առումով նշեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում անցյալ տարի ստեղծվել են պրոբլեմային խորհուրդներ, որոնցում քննարկվում են տարբեր բնույթի շատ հարցեր, արտահայտվում են դիրքորոշումներ, հետագա կիրառության համար երաշխավորվում են շատ նախագծեր, որոնք կարող են տնտեսական նշանակություն ունենալ: ԳԱԱ-ն նաև հիմնարար և կիրառական հետազոտությունների շրջանակներում մրցանակ է սահմանել արդեն իսկ ապրանքային տեսք ստացած մշակումների համար: Ի դեպ, առաջին մրցանակը շնորհվեց մեր կենտրոնին՝ «Էկոբիոֆիտ+» պարարտանյութի մշակման, ապրանքայնացման և սերիական արտադրության կազմակերպման համար:
- Ձեր գլխավորած կենտրոնն ի՞նչ ծրագրեր և առաջնահերթություններ ունի 2025 թվականին:
- Ծրագրերը բավական շատ են, միշտ էլ ունենում ենք նպատակային թիրախներ, որոնք ձգտում ենք իրականացնել տարվա ընթացքում: Դրանք առաջին հերթին վերաբերում են հիմնարար հետազոտություններին, առանց որոնց չեն կարող լինել կիրառական հետազոտություններ:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ և մասնավոր ընկերության հետ համաֆինանսավորմամբ իրականացված կիրառական երկու հետազոտություններ արդեն ավարտել ենք՝ ստանալով բավականին լավ արդյունքներ: Ծրագիրը միտված էր գյուղատնտեսական կենսատեխնոլոգիային և նոր պրեպարատների մշակմանը: Համագործակցության առաջարկ ենք ստացել տեղում կենսատեխնոլոգիական պրեպարատների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ:
Նպատակադրվել ենք նաև համալրել մեր պրոբիոտիկ պրեպարատների շարքը, որը, կարծում եմ, կիրականացնենք մինչև տարեվերջ:
Իսկ կենտրոնի գիտահետազոտական գործունեության կազմակերպման առումով մեր թիրախային նպատակը եղել և մնում են ֆունդամենտալ հետազոտությունները, կիրառական հետազոտությունները, կադրային քաղաքականությունը, երիտասարդ գիտաշխատողների ներգրավումը և, իհարկե, գիտաչափական այն ցուցանիշների ապահովումը, որն այսօր հանդիսանում է պետական պահանջ: