Ռուսաստան

ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների «ամենամեծ փոխանակումներից մեկը»

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են ռազմագերիների «ամենամեծ փոխանակումներից մեկը»

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև իր միջնորդական ջանքերի շնորհիվ պատանդների նոր խմբի փոխանակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը։ 

Գործընթացի ընթացքում կողմերը փոխանակվել են յուրաքանչյուրը 175 ռազմագերիով։ Ընդհանուր առմամբ, փոխանակված ռազմագերիների թիվը կազմել է 350։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ռազմագերիների փոխանակումը։

«Որպես բարի կամքի դրսևորում, Կիև են տեղափոխվել նաև շտապ բուժօգնության կարիք ունեցող 22 ծանր վիրավոր ռազմագերիներ», - հայտնել է գերատեսչությունը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս հաստատել է փոխանակումը` այն անվանելով «ամենամեծ փոխանակումներից մեկը» լայնամասշտաբ պատերազմի ընթացքում։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնել երկու երկրներին համագործակցության համար՝ նշելով, որ դա հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի վստահությունը ԱՄԷ-ի նկատմամբ և նրանց գնահատանքը ԱՄԷ-ի հանձնառությանն՝ աջակցելու երկու երկրների միջև ճգնաժամի կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին:

ԱՄԷ ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ երկիրը կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ և մեղմելու ճգնաժամի հետևանքները, որոնք առնչվում են փախստականների և բանտարկյալների հետ։

2025 թվականի սկզբից սա ռազմագերիների արդեն երրորդ խմբի փոխանակումն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում