Քաղաքականություն

Ադրբեջանի ապատեղեկատվության նպատակը Հայաստանում լարվածության օջախ պահելն է․ Անդրանիկ Քոչարյան

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ապատեղեկատվության նպատակը Հայաստանում լարվածության օջախ պահելն է․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ադրբեջանի՝ Հայաստանի հասցեին կեղծ տեղեկատվություն տարածելու վարքագիծը նորություն չի համարում՝ ընդգծելով, որ Բաքուն դրանով ցանկանում է լարվածության մթնոլորտ ստեղծել Հայաստանի ներսում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար կեղծ հաղորդագրություններ է տարածում, թե Հայաստանի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Անդրանիկ Քոչարյանն Ադրբեջանի պահվածքը նորություն չի համարում՝ նշելով, որ Բաքվին երբ պետք է եղել, ապատեղեկատվություն տարածել է։ 

«Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքում լարվածության օջախ պահելն է, և դա նրանց հաջողվում է, որովհետև հիմա մենք դա ենք քննարկում, բայց դա խաղաղության օրակարգի մեր պատկերացումների մեջ չի տեղավորվում, դա է խնդիրը»,-նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանն այն մասին, որ ՊՆ-ին հանձնանարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Զինված ուժերում ոչ թե զգոնության պակասի խնդիր է առաջանալու, այլ զգոնությունն ավելացնելու խնդիր, որովհետև հակառակ կողմին՝ Ադրբեջանին, ընդամենը ամենաբարձր մակարդակով հիշեցվեց, որ այն, ինչի մասին Բաքուն խոսում է, գոյություն չունի։ 

«Մենք անընդհատ հերքելով կարծես թե որևէ լուծման չենք հանգել»,-ասաց Քոչարյանը։

Վերջինս հավելեց, որ իշխանությունը հետևում է սահմանային իրավիճակին, և եթե էսկալացիայի վտանգ տեսնի, Զինված ուժերն իրենց իրավասությունների սահմաններում, ըստ անհրաժեշտության, կկիրառեն գործողությունների պլանը։

«Ադրբեջանը միշտ նոր նախապայմաններ առաջ քաշելու է, բայց Բաքուն նաև հայտարարեց, որ պայմանագրի հետ կապված որևէ խնդիր այլևս չի տեսնում։ Բայց դա ժամանակավոր արձագանք էր, որովհետև Փաշինյանն ասաց, որ եթե որևէ խնդիր չկա, ինքը պատրաստ է ստորագրել։ Սրան արձագանքեցին նաև միջազգային գործընկերներ՝ նշելով, որ ողջունում են»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանն ունի առավելություն և իներցիայով իր խոսույթն անընդհատ դնում է հաղթողի դիրքերից։ 

«Գուցե տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայիս ղեկավարն իր մեջ այնքան է կուտակել, որ հիմա այս հաղթանակից հետո ուզում է լարված վիճակն ավելի տևական դարձնել, դա հոգեբանություն է, բայց մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, իսկ դա մեզ բոլորիս է պետք»,-նկատեց Քոչարյանը՝ հավելելով, որ շատ խոսելու փոխարեն պետք է շատ աշխատանք կատարել՝ հարստացնելու համար ՀՀ-ի անվտանգային կարողությունները։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը հայտարարում է, թե պայմանագրում այլևս խնդիրներ չի տեսնում, սակայն կրկին ՀՀ Սահմանադրությունը փոխելու և այլ պահանջներ է առաջ քաշում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ եթե Բաքուն պայմանագրում խնդիր չի տեսնում, ինչու չի ստորագրում, թող բարձրաձայնի, որպեսզի Երևանն էլ հասկանա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում