Երևանում կայացած ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են ներկայացուցիչներ ուղարկել Բաքվում հայերի նկատմամբ շինծու դատավարություններին
4 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները այցելեն Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ներկա գտնվեն նրանց դեմ իրականացվող շինծու դատավարություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները շեշտել են, որ միջազգային կառույցները պետք է գործողություններ ձեռնարկեն՝ Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վիճակի մասին իրական պատկերացում կազմելու և Ադրբեջանին ճնշելու համար։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը իր ելույթում շեշտեց, որ հայ ռազմագերիների դատավարությունները Ադրբեջանում կեղծ են, և հայկական կողմը դրանց մասին տեղեկություն ստանում է միայն ադրբեջանական պետական քարոզչամեքենայից։
«ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք, որ նրանք տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին, այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, գնահատեն նրանց առողջական վիճակը, փաստեն բռնությունների առկայությունը և կիրառեն պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ», – նշեց Առաքելյանը։
Նա ընդգծեց, որ Բաքվում անցկացվող դատավարությունները ոչ թափանցիկ են, և ադրբեջանական իշխանությունները կարող են ցանկացած տեղեկատվություն հրապարակել, որը շահավետ կլինի իրենց համար և ազդի միջազգային հանրության կարծիքի վրա։
Կուսակցության մեկ այլ համահիմնադիր Մանե Թանդիլյանն ակցիայի ընթացքում քննադատեց ՄԱԿ-ի անգործությունը և ընդգծեց, որ միջազգային կառույցները պետք է վերջ տան բացահայտ դիտորդական դիրքորոշմանը։
«Միջազգային կառույցները հայտարարում են, որ վերահսկում են, հետևում են, բայց մենք գործողություն չենք տեսնում։ 2020 թվականից անցել է 4 տարի․ միջազգային կառույցների «արագ» արձագանքն ի՞նչ ժամանակային միավորի մեջ է տեղավորվում»,- նշել է Թանդիլյանը։
Նա շեշտեց, որ Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունները կազմակերպվում են գաղտնիության պայմաններում, ինչը միջազգային իրավունքի խախտում է։
«Այս դատավարությունները փակ են, գաղտնի։ Ումի՞ց են դրանք գաղտնի։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ իր դատական համակարգը արդար է, ապա ինչո՞ւ չի թույլատրում միջազգային դիտորդների ներկայությունը»,-ընդգծեց Թանդիլյանը։
Նա նաև ՄԱԿ-ին հիշեցրեց, որ կազմակերպությունն ունի պաշտոնական մանդատ, իրավունք և պարտավորություն նման դատական գործընթացներին ներկա գտնվելու։
«Եթե Ադրբեջանը թույլ չի տալիս ՄԱԿ-ին անել այն, ինչ նրա մանդատի մեջ է, պատկերացրեք, թե ինչ է լինելու խաղաղության պայմանագրի հետ», – եզրափակել է Թանդիլյանը։
Ակցիայի մասնակիցները պահանջել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների այց Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին՝ նրանց առողջական վիճակի և իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն կազմելու համար, ՄԱԿ-ի ներկայացուցիչների ներկայությունը դատավարություններին՝ գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով, միջազգային հանրության ճնշում Ադրբեջանի վրա, որպեսզի այն դադարեցնի գաղտնի դատավարություններ անցկացնելու և հայ ռազմագերիների իրավունքները խախտելու քաղաքականությունը։
Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ եթե ՄԱԿ-ն իսկապես հանձնառու է իր առաքելությանը, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի՝ ոչ թե պարզապես հայտարարություններով սահմանափակվի։