Դենվերում այրվել է American Airlines-ի ինքնաթիռը
1 րոպեի ընթերցում

American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչում հրդեհ է բռնկվել, երբ այն վերաուղղորդվել է Դենվերի օդանավակայան։ Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները տարհանվել են վթարային ելքերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ինքնաթիռում եղել է 172 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Դենվերի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ 12 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Boeing 737-800 ինքնաթիռը Կոլորադո Սփրինգսից մեկնում էր Դալլաս, սակայն անձնակազմը հայտնել էր շարժիչում թրթռումների մասին, ինչի պատճառով օդանավը վերաուղղորդվել էր Դենվեր։ Այն ապահով վայրէջք էր կատարել, սակայն դեպի մուտք շարժվելու ընթացքում շարժիչում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհը մարվել է։
Միջադեպի պատճառները հետաքննվում են։