Քրիստոնյա առաջնորդները Դոնալդ Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող 24 քրիստոնյա պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ

5 րոպեի ընթերցում

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։

Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ ընդգծելով իրենց համոզմունքը, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը եզակի դիրք ունի այս ճգնաժամը լուծելու համար, և որ անհրաժեշտ է արագ գործողություններ՝ փրկելու քրիստոնյաների կյանքը: 

«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել ավելի քան 120,000 քրիստոնյա հայերի նկատմամբ, որոնք հեռացել են իրենց նախնիների տներից, մինչդեռ Ջո Բայդենի վարչակազմը քայլեր չի ձեռնարկել: Այդ ժամանակից ի վեր՝ 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի ենթարկվել են մշտական խոշտանգումների: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվել է ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,-իրենց նամակում շեշտել են քրիստոնյա առաջնորդները։ 

Վերջիններս նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ 

«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր և հստակ ուղերձ հղեց նրանց, որոնք կխաթարեն Հայաստանի անվտանգությունը և նրանց հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես Քրիստոսի ավետարանն ընդունած առաջին երկիր աշխարհի պատմության մեջ»,-ասված է նամակում:  

Քրիստոնյա առաջնորդները նաև հիշեցրել են Թրամփի հայտարարությունն՝ արված 2024 թվականի հոկտեմբերի 23-ին, որում Թրամփը գրել էր․«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, քանի որ 120,000 հայ քրիստոնյաները սարսափելի հալածանքի ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի պատճառով նիստը հետաձգվել էր, այնուհետև շարունակվել։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։

Հայերեն English فارسی Русский