Դատախազը դատարան է հանձնել Զովունիում հողն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը

4 րոպեի ընթերցում

Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցի 180/1-2 հասցեի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Զովունի համայնքին: 2017 թվականի մայիսի 16-ին 0,6 հա մակերեսով վերոնշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։ 

«Նույն թվականի հուլիսի 10-ին Զովունի համայնքի նախկին ղեկավար Վ.Ս.-ն դիմել է Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու նպատակով: Կադաստրի կոմիտեից գրավոր հայտնել են, որ հողատարածքի՝ 0,5 հա մակերեսով մասը Կառավարության համապատասխան որոշմամբ հանդիսանում է խաղահրապարակ և ընդգրկված է մասնավորեցման ոչ ենթակա հողերի ցանկում (դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին):

Վ.Ս.-ն, անտեսելով այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ՝ կառուցապատման ոչ ենթակա գոտի, Կոտայքի մարզպետին չի ներկայացրել հողատարածքի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու առաջարկություն, 2017 թվականի հուլիսի 17-ին կայացրել է թիվ 156 որոշումը, որով վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման։

Վերոնշյալ որոշմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ Վ.Ս.-ն փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև տվյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու հարցում առկա է իրավասու մարմնի՝ Կոտայքի մարզպետի համաձայնությունը: Այնուհետև, Վ.Ս.-ի կայացրած՝ ապօրինի և կեղծ տեղեկություններ պարունակող որոշումը ներկայացվել է Կադաստրի կոմիտե, որի հիման վրա 2017 թվականի հուլիսի 20-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Զովունի համայնքի սեփականության իրավունքը, իսկ շուրջ մեկ ամիս անց՝ վերոնշյալ հողամասն աճուրդով օտարվել է ՍՊ ընկերության։

Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2025 թվականի մարտի 11-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ դատախազությունը հիշեցնում է նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունը 2024 թվականի հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին ղեկավարի՝ 2017 թվականի հուլիսի 17-ին կայացված թիվ 156 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել վերոնշյալ ՍՊ ընկերությանը հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները: 

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում