Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ:

«Մենք կարեւորում ենք քաղաքական եւ տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը` հավելելով, որ երկու պետություններում մշտական դեսպանությունները կարեւոր դեր են խաղում կապերի ամրապնդման գործում:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը: Այս համատեքստում կողմերը կարեւորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժեւորելով նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար:

«Հայաստանը շահագրգռված է նաեւ կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, սոցիալական եւ գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը` կարծիք հայտնելով, որ այդ բնագավառներում գործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է:

Հանդիպմանը ներկա ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` ընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքների վրա:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել  Ադրբեջանում գտնվող հայ գերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆաբիո Վազ Պիտալուգան կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում