Մշակույթ

Հայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց նախագահության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին

7 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միությունը մրցանակներ հանձնեց նախագահության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին

Գրողների միջազգային օրը՝ մարտի 3-ին, Հայաստանի գրողների միությունն ամփոփեց նախագահության ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ մրցանակներ են հանձնում այն հեղինակներին, որոնք հետաքրքիր և արժեքավոր գրքեր են հրատարակել 2024 թվականին: 

«Մրցանակները մեծանուն գրողների անուններով են՝ Իսահակյան, Դեմիրճյան,  Շանթ, Թումանյան, Անանյան, Նալբանդյան և այլք։ Մեր գրողների համար դրանք  և՛ պատվական անուններ են, և՛ մրցանակներ։ Եթե գեղարվեստի որակի տեսանկյունից նայենք, կտեսնենք, որ 2024-ին լավ արձակ ժողովածուներ են լույս տեսել։ Ալիս Հովհաննիսյանի, Շանթ Մկրտչյանի գրքերը, պոեզիայում՝ Գագիկը, էսսեների ժանրում՝ Մանասեն, որն անտիկ և ժամանակակից գրականության հետաքրքիր խոհագրություն է ներկայացրել։ Գրականությունը միշտ շարժման մեջ է, և հեղինակներն իրենց հետաքրքիր աշխարհն են արտացոլում։ Հիմնականում տարիներով իրենց գիրը հաստատած ստեղծագործողներ են»,-շեշտեց նա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակները (արձակ) տրվեցին Ալիս Հովհաննիսյանին՝ «Աղանդերի դարը և հետոն» և Շանթ Մկրտչյանին՝ «Տունը երազի ափին» գրքերի համար:

Ալիս Հովհաննիսյանը մրցանակն իր կատարած աշխատանքի արժեքավոր գնահատական է համարում։

Նա հաղթած աշխատանքը գրել է երկու տարվա ընթացքում։ «Վեպի թեման Նոր Արեշն է՝ հայրենադարձների թաղամասը, որը հիմնել են 1946 թվականին։ Երկար ժամանակ մտմտում էի այդ մասին գրել, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի. եթե վաղուց գրած լինեի գիրքը, բնականաբար չէի անդրադառնա այս ժամանակներին, այնինչ հարկավոր էր նաև մեր օրերի Նոր Արեշի պատմությունը գրել, բնակիչների մասին, որոնք գաղթել են աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք ստեղծեցին այդ թաղամասը, բերեցին իրենց մշակույթը, բերեցին իրենց սովորությունները, և նրանց ախպարներ էինք կոչում»,-ասաց Հովհաննիսյանը։ 

Վեպի բոլոր հերոսները նախատիպեր ունեն, և գիրքը վավերագրական չէ։ Ալիս Հովհաննիսյանը երկար տարիներ ապրում է Նոր Արեշում ու լավ է ճանաչում բնակիչներին, որոնց խոսքը փոխանցել է հենց նրանց բարբառներով։  

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակները (պոեզիա) տրվեցին Գոհար Գալստյանին՝ «Բառ ընդ ժամանակս» և Գագիկ Սարոյանին՝ «Այլ» գրքերի համար: 

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակները (հրապարակագրություն) շնորհվեցին Գագիկ Դավթյանին՝ «Իմ Սևակը» և Տիգրան Նիկողոսյանին՝ «Կյանքը բաց նամակներում» գրքերի համար: 

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը (թարգմանական գրականություն) ստացավ Գրիգոր Ջանիկյանը Բեռնար Վեբերի «Հրեշտակների կայսրությունը», Մարգրիտ Դյուրասի «Ամբարտակ խաղաղականի դեմ» և Էոժեն Իոնեսկոյի «Հերատ երգչուհին» գրքերի համար: 

Ջանիկյանը կարևորում է մրցանակաբաշխությունը, քանի որ այն գնահատում է գրողի մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքը։ «Դա մեծ նշանակություն ունի հատկապես այս պայմաններում, երբ մենք ստեղծագործում ենք և որևէ նյութական վարձատրություն չենք ստանում, ավելին՝ ինքներս պետք է դրամ հայթայթենք, որ մեր գործերը տպենք, իսկ նման աջակցությունը շատ հաճելի է, մանավանդ, որ անցած տարի հրատարակել եմ երեք թարգմանական վեպ։ Դա շատ լարված աշխատանք էր, և ես շոյված եմ, որ աշխատանքս նկատվել է, իսկ այժմ անում եմ մի գործ, որ հայ իրականության մեջ դեռ չի արվել. թարգմանում եմ Ֆրանսուա Ռաբլեի վեպը, որն ամբողջությամբ վերջերս է Ֆրանսիայում հրատարակվել հինգ հատորով։ Ամենացնցողն այն է, որ այդ հատորներով նա անդրադառնում է հայ արքաներին՝ Տրդատին, Տիգրանին, Արտաշեսի ընդունելությանը Հռոմում, և ես ապշում եմ, թե 16-րդ դարում Ֆրանսիայում նա ինչպես է այդքան ինֆորմացիա գտել»,-ասաց Ջանիկյանը։ 

Ռաբլեի վեպի առաջին հատորը կոչվում է «Գարգանտյուա», երկրորդը՝ «Պանտագրյուել», հետո՝ «Երրորդ գիրք», «Չորրորդ գիրք» և «Հինգերորդ գիրք»։ Գրիգոր Ջանիկյանը գրեթե ավարտում է հինգ հատորի թարգմանությունը։  

Ջանիկյանին Ֆրանսիայում որպես թարգմանչի ճանաչում են, առաջարկում են թարգմանություններ անել, որոնցից ստացած հոնորարով Հայաստանում իր ստեղծագործություններն է  հրատարակում։ Այժմ հեղինակն աշխատում է ծավալուն գործի վրա, որը սկսվում է  1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ  և ավարտվում է  մեր օրերում։  

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը (գրականագիտություն, գրաքննադատություն) հանձնվեց Մանասեին՝ «Թևածող անթարգմանելին» գրքի համար: 

Վախթանգ Անանյանի անվան մրցանակը (մանկական գրականություն) տրվեց Նանեին՝ «Թևթևիկը» գրքի համար։ 

Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին արժանացավ Աելիտա Դոլուխանյանը, Վազգեն Սարգսյանի անվան ՀԳՄ և ԵԿՄ մրցանակին՝ Ռոբերտ Եսայանը, Եղիշե Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակները հանձնվեցին Հակոբ Մովսեսին «Գրառումներ 4» և Արմենուհի Սիսյանին «Մեղեդին չի ավարտվում» գրքերի համար, Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» անվամբ մրցանակը տրվեց Էդվարդ Միլիտոնյանին Ավ. Իսահակյանին նվիրված շարք, «Պատմության շախմատ» և «Ամենալավ նվերը» գրքերի համար (առանց մրցանակային գումարի): 

Համահայկական գրական հիմնադրամի մրցանակին արժանացավ Մհեր Իսրայելյանը «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» գրքի համար։ 

ՀԳՄ նախագահությունը շնորհակալություն հայտնեց հովանավորներին՝ Նաթելլա Լալաբեկյանին, ԵԿՄ-ին, «Լոռի» հայրենակցական միությանը, Սերգո Երիցյանի ընտանիքին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում