Քաղաքականություն

Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում՝ Ռուբեն Վարդանյանին խնդրելով դադարեցնել հացադուլը

3 րոպեի ընթերցում

Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում՝ Ռուբեն Վարդանյանին խնդրելով դադարեցնել հացադուլը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանե Թանդիլյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Այսօր արդեն 12-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը գտնվում է հացադուլի մեջ։ 

Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։

Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով  է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է  այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները։

Սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին։ Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր։  

Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։

Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ։

Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը։ 

Ռուբե՛ն, հայ ժողովրդի արժանի զավակ, հայրենիքդ քո կարիքն ունի և քեզ սպասում են այստեղ...»,- գրել է Թանդիլյանը։ 

Լեռնային Ղարանաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին Ադրբեջանն ապօրինի կալանավորել և շինծու մեղադրանքներ է առաջադրել, Բաքվի բանտում հացադուլ է սկսել։ Նա ընտանիքի միջոցով հայտնել է, որ այս կերպ բողոքում է Բաքվում անցկացվող դատական ֆարսի դեմ։ 

Դատական վերջին նիստի ժամանակ դատական Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր, նիստն ընդմիջվել էր, սակայն հետո շարունակվել էր։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում