Հայաստան

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին մինչև 2023 թ. սեպտեմբեր. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում ջարդերի տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին մինչև 2023 թ. սեպտեմբեր. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում ջարդերի տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև.

«Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը,  իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։

Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում