Իրավունք

Քրեական ոստիկանները չորս ապօրինի ատամնատեխնիկական լաբորատորիա են բացահայտել Արմավիրում

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգել են փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ պատրաստելու պատվերներ:

«Նույն օրը քրեական ոստիկանները եղան նաև Արմավիրի քաղաքի Լերմոնտովի փողոցում: Պատկերը նույնն էր` կից շինությունը 40-ամյա տանտերը կահավորել էր հատուկ սարքավորումներով:

Հաջորդ երկու տեղեկությունը ստուգելու համար փետրվարի 17-ին քրեական ոստիկանները նախ մեկնեցին Հայկավան գյուղ: Այստեղի 46-ամյա բնակիչը, դարձյալ` առանց պետական հաշվառման կամ գրանցման, տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա:

Հաջորդ ստուգայցը նույն օրն էր` Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում: Այստեղ էլ 28-ամյա տղամարդը, առանց որևէ թույլտվության ու գրանցման, ծավալել էր ատամնատեխնիկական գործունեություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ չորս դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, չորս դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում