Հայաստան

ԱԺ հանձնաժողովն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությունները ԱԺ 2025 թ.-ի փետրվարի 25-ի հանձնաժողովի նիստում  ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը:

Նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթները, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման, հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման պայմաններին առնչվող դրույթներ։

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև Կարգավորող մարմնին վերապահված գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Եթե գործող օրենքով սահմանված է, որ ստանդարտները ՀՀ կառավարությունը պետք է սահմանի, այսուհետև օրենքով կամրագրվի, որ այն վերապահվելու է Ստանդարտացման ազգային մարմնին:

Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար: Նոր փոփոխություններով՝ առաջարկվում է Կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնելով նաև այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին:

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե՝ խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

Նախագծով առաջարկվում է լրացնել Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցման պայման, եթե Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու պայմաններում Հեռարձակողի կողմից իրականացվել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում:

Նշված կարգավորմամբ, եթե Հեռարձակողը՝ տեսալսողական ծրագրի կամ տեսալսողական հաղորդման գործողության կասեցված լինելու ժամանակահատվածում՝ մինչև 30 օր, իրականացրել է տեսալսողական հաղորդումների հեռարձակում, ապա վերջինիս Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:  

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված տեխնիկական բնույթի առաջարկն ընդունվել է և  նախագիծը խմբագրվել է՝ հաշվի առնելով իրավական որոշակիության կանոնները:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Նախագծով առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն օրենքում տեղ գտած տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում