Շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժիշկների նկատմամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են:
Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում ` շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ, ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու:
Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը: Վստահ եմ, որ այս դեպքերին իրավաչափ գնահատական լինելու է, և այդ հարցում ինքս լինելու եմ հետևողական:
Բուժաշխատողների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են, անթույլատրելի վարքագիծ, և այո´, պիտի արժանանան նաև հասարակական պարսավանքի»,- գրել է նախարարը: