Հարցազրույց

Ցեղասպանագետը կարևորում է ցեղասպանությունների օբյեկտիվ ուսումնասիրությունը՝ դրանց կրկնությունը կանխելու տեսանկյունից

8 րոպեի ընթերցում

Ցեղասպանագետը կարևորում է ցեղասպանությունների օբյեկտիվ ուսումնասիրությունը՝ դրանց կրկնությունը կանխելու տեսանկյունից

Համաշխարհային ցեղասպանագիտության ասպարեզում հիմա առանձնակի նշանակություն է տրվում բռնության ենթարկված կողմի վկայությունների ուսումնասիրությանը: Համարվում է, որ դա հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմել կատարվածի մասին, ինչը կարող է նպաստել հետագայում նման ոճրագործությունների կանխմանը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:

- Մասնագիտական ի՞նչ գործունեություն եք ծավալում վերջին շրջանում։

- Արցախում 2023 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքերը, ցավոք, ուսումնասիրության նոր ծավալուն թեմա տվեցին։ Այժմ զբաղվում եմ նաև դրանով։ Դա շատ կարևոր է, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, միջազգային հանցագործություն է: Հիմա գիտնականներիս խնդիրն է տեսականորեն հիմնավորելով տեղի ունեցածը՝ հնարավորինս համակարգված, օգտագործման համար պիտանի նյութերով ապահովել միջազգային դատարաններում աշխատող մեր իրավաբաններին։ Հայոց ցեղասպանության թանգարանում ունենք այդ թեմայով զբաղվող առանձին բաժին, որի աշխատանքներին ներգրավված եմ նաև ես։

- Հայ գիտնականները տիրապետո՞ւմ են 1915 թվականի Հայոց ցեղասպանությանն առնչվող նոր փաստաթղթերի:

- Այո: Բայց, դրան զուգահեռ հիմա համաշխարհային գիտական շրջանակներում նկատվում է մի հետաքրքիր միտում՝ ավելի են կարևորվում այսպես կոչված տեղական պատմությունները։ Պետք է նշեմ, որ տասնամյակներ շարունակ միջազգային ցեղասպանագիտությունում վերապրածների հուշերը և վկայություններն անտեսվում էին: Համարվում էր, որ դրանք հուզական, հետևաբար՝ սուբյեկտիվ պատմություններ են։ Նույնիսկ ցեղասպանագիտության հիմնադիրներից մեկը՝ պրոֆեսոր Վահագն Դադրյանը, երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում, խուսափում էր վերապրածների հուշերին ապավինելուց, որպեսզի չարժանանար աչառու մոտեցում դրսևորելու մեղադրանքի և ավելի ուժեղ փաստարկներ ունենար թուրքական ժխտողականության դեմ:

Սակայն հիմա մոտեցումը փոխվել է․ եթե նախկինում գիտնականները գերազանցապես ուսումնասիրում էին ոճրագործություն կատարած կողմի փաստաթղթերն ու այլ նյութերը, ապա հիմա կարևորվում է նաև զոհին լսելը։ Դա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այդ միտումը նկատվում է նաև Հոլոքոստի և նմանատիպ մյուս ոճրագործությունների ուսումնասիրության պարագայում։ Մենք լիովին օգտվում ենք այս հնարավորությունից. տարբեր լեզուներով հրապարակում ենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները և դրանք հասանելի դարձնում նաև մեր արտասահմանցի գործընկերների համար, որոնք մեծ պատրաստակամությամբ օգտվում են այդ նյութերից:

- Հավանաբար, դա նաև հնարավորություն է տալիս Ցեղասպանությանը վերաբերող նոր շերտեր և փաստեր բացահայտել: 

- Անշուշտ, դա ավելի ընդգրկուն և ամբողջական է դարձնում ընդհանուր պատկերը: Դա նաև կիրառական նշանակություն ունի մարդկանց համար: Շատ դեպքերում ցեղասպանությունները տեղի են ունենում հասարակությունների համար անսպասելիորեն, ոչ ոք չի հավատում, որ դա կարող է տեղի ունենալ իրենց երկրում, իրենց հասարակությունում։ Այդ իսկ պատճառով մարդիկ հաճախ պատրաստ չեն լինում իրադարձությունների նման զարգացմանը և չեն պատկերացնում, թե ինչպես արձագանքեն դրան։ Իսկ այդ մղձավանջի միջով անցած մարդկանց փորձին ու պատմություններին ծանոթանալը թույլ կտա նաև կյանքեր փրկել։

- Այս աշխատանքները կարո՞ղ են նոր մակարդակի հասցնել պահանջատիրությունը՝ նաև նյութական փոխհատուցման ձևակերպման տեսանկյունից։

- Իհարկե: Տեսեք, թուրքական ժխտողականության հիմնական թեզերից են այն պատճառաբանությունները, թե պատերազմ էր, մարդիկ նաև համաճարակներից էին մահանում, ազգամիջյան բախումները երկկողմանի բնույթ էին կրում և այլն: Այդպիսով, թուրքերն ամեն կերպ փորձում են խեղաթյուրել ընդհանուր պատկերը։ Բայց, երբ կատարվածին նայում ես զոհի տեսանկյունից, ապա հստակ տեսնում ես, որ դրանք եղել են իշխանությունների կողմից հատուկ ծրագրված և կազմակերպված գործողություններ՝ միտված հայերի լիակատար ոչնչացմանը, նրանց գույքի և ունեցվածքի զավթմանը։ Ընդ որում, հայերի սպանություններին ակտիվ մասնակցել են նաև նրանց հարևանները, շարքային քաղաքացիները։ Վերապրածների այդ պատմությունները, կարծես, դատարանում արված վկայություն լինեն։

Վերապրածները հաճախ նաև մանրամասներ են ներկայացրել իրենց ընտանիքի անդամների սպանության, խլված և ոչնչացված գույքի մասին, ինչը կարող է օգտագործվել առանձին գույքային հայցերի կամ պահանջատիրության ընդհանուր փաթեթի ձևակերպման ընթացքում։

- Այս աշխատանքներն ինչպե՞ս են ընկալվում Թուրքիայում, այդ երկրի հասարակության կողմից Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն նկատվո՞ւմ է:

- Դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին: 2000-ականների սկզբից, թերևս, մինչև 2015 թվականն այդ թեման որոշակիորեն բացվեց Թուրքիայում: Դա նկատելի էր հատկապես Էրդողանի պաշտոնավարման առաջին տարիներին ու, հավանաբար, բացատրվում էր Մուստաֆա Քեմալի ժառանգության դեմ նրա պայքարի տրամաբանությամբ: Քեմալականների օրոք Հայոց ցեղասպանության թեման արգելված էր: 2000-ականների առաջին տասնամյակում թուրք գիտնականներն առաջին անգամ սկսեցին զբաղվել այդ թեմայով և, ընդհանրապես, որոշակիորեն փոխվեց թուրքական հասարակության վերաբերմունքը կատարվածի նկատմամբ: Անգամ ստամբուլյան գործուղումներիս ընթացքում, զրուցելով սովորական մարդկանց հետ, հասկանում էի, որ նրանք սկսել են ընկալել Հայոց ցեղասպանության թեման կամ գոնե մտածել դրա մասին: 

Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2016 թվականին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո: Ավելի ուժեղացավ գրաքննությունը, սկսեցին հետապնդել այդ թեմային անդրադարձող մարդկանց: Գրեթե բոլոր հանրային դեմքերը, որոնք քիչ թե շատ խոսել էին Հայոց ցեղասպանության մասին կա՛մ բանտարկվեցին, կա՛մ էլ հեռացան Թուրքիայից: Այսօր էլ Թուրքիայում շատ դժվար է խոսել այդ թեմայով:

Ակնհայտ է ավելի քան 100-ամյա վաղեմության ողբերգության նկատմամբ Թուրքիայի արևելյան շրջաններում բնակվող քրդերի վերաբերմունքի փոփոխությունը: Նրանցից շատերը նշում են, որ 1915 թվականին թուրքերն իրենց օգտագործել են հայերի դեմ ու հիմա փորձում են նույնը անել իրենց նկատմամբ: Չէի ուզենա գերագնահատել մեր աշխատանքները, պարզապես կարող եմ արձանագրել՝ ընկալումն էապես փոխվել է: Ցավոք, Թուրքիայում տիրող իրավիճակը, գոնե գիտության ոլորտում առկա պատկերը վկայում է, որ իշխող վարչակարգն այս հարցում շատ մեծ ազատություն չի տալիս թուրք գիտնականներին:

- Ամեն դեպքում, ասում են, որ ջրի կաթիլը քար է ծակում:

- Համամիտ եմ: Բացի այդ, հիմա սոցիալական մեդիայի դարաշրջան է, ու, եթե նախկինում, օրինակ, պարզապես արգելելով անցանկալի գրքի տպագրությունը՝ փակում էին թեման, ապա հիմա դժվար է ընդհանրապես փակել համացանցը: Երևույթի կամ իրադարձության նկատմամբ բազմաբնույթ նյութերի պակաս չկա: Այդ ամենը հիմնականում հասանելի է մարդկանց ու չի կարող չանդրադառնալ տարբեր թեմաների վերաբերյալ նրանց պատկերացումների փոփոխությանը կամ ձևավորմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում