Հայաստանի դպրոցականները մեկ հարթակում ներկայացրին ազգային փոքրամասնությունների մշակույթն ու ավանդույթները
7 րոպեի ընթերցում
Մայրենի լեզվի տոնի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարկի տակ ներկայացրին երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին վերաբերող նախագծային աշխատանքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկը մյուսից աչքի ընկնող տաղավարներում հնարավոր էր գտնել ազգային խոհանոցի համեղ ուտեստներ, տարազներով տիկնիկներ, գրքեր, ալբոմներ, լուսանկարներ, իսկ աշակերտներից շատերը կրում էին եզդիների, ասորիների, իրանցիների, ուկրաինացիների և այլ ազգերի ավանդական հագուստներ, տարազներ` ակամայից առավել մեծացնելով կատարած աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը։
Միջոցառմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բոլորին նախաձեռնությանն արձագանքելու համար։
«Նախագծերը, որոնք ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթների ներկայացմանը, մի կողմից կրթական գործընթացի մաս են, մյուս կողմից օգնում են ավելի լավ ճանաչել ինքներս մեզ։ Բոլորովին պատահական չէ, որ այս տաղավարները տեսնում ենք Հայաստանի բնապատկերի ներքո։ Այն, ինչ այսօր կտեսնենք, նույնպես Հայաստանի մասն է, հենց այդ պատճառով հանրակրթության պետական նոր չափորոշիչով առանձնահատուկ ընդգծել ենք նաև ազգային փոքրամասնությունների ներկայության, նրանց ծեսերի, մշակույթի, նրանց՝ մեր կողքին լինելու, համակերցության կանոնների ուսումանսիրությունը, որը նաև մեզ ճանաչելու գործընթաց է»,-ասաց նախարարը։
Անդրեասյանը վստահ է՝ դա նպաստում է, որ մարդիկ ավելի ուշադիր, ավելի նրբանկատ ու ավելի հետևողական լինեն այն բոլոր հարցերում, որոնք երբեմն թվում են շատ փոքր, բայց որոնցից կախված է հանրային կյանքի որակը։ Նա շնորհակալություն հայտնեց այն մեծ աշխատանքի համար, որ կատարել են դպրոցները, մանկավարժներն ու աշակերտները։
Վայոց Ձորի մարզի Գնդեվազի միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմինե Մհերյանն ասաց, որ իրենց նախագծում ներկայացված են եզդիների «Տարեմուտի կլոճ» թխվածքը, հալվան, հունական խորհրդանիշը՝ խաչը, վրացական աջարական խաչապուրին և տիկնիկներ, որոնք պատրաստել են դպրոցի աշակերտները։
Նրա խոսքով՝ դպրոցում ազգային փոքրամասնություններ չեն սովորում, սակայն երեխաները սիրով են աշխատել նախագծի վրա և հիմնական տեղեկությունները գտել են համացանցից, ինչպես նաև 5-րդ դասարանի «Իմ հայրնեիքը» գրքից։ Ցանկացել են աշակերտներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների մշակույթին, սովորույթներին։ Նրանք նաև եզդիական պար էին պատրաստել, որը ներկայացրին բոլոր այցելուներին։
Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցում սովորում են ոչ միայն հայեր, այլև եզդիներ, մոլոկաններ, իրանցիներ, հնդիկներ, ուստի ներկայացրել էին հենց նրանց մշակույթը։ «Առանձնացրել ենք ազգային խոհանոցը, թղթերով պատրաստել ենք Թաջ Մահալը, տիկնիկներ, որոնց հագին այդ ազգերի տարազներն են, աշակերտները հեքիաթ են հորինել և այն ներկայացրել են իրենց պատրաստած տիկնիկներով»,-պատմեց դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանն ու ընդգծեց, որ իրենց հարկի տակ մշտապես ընդունում են տարբեր ազգերի ներկայացուցիչների։ Դպրոցում նաև արաբներ, լեհեր, իսպանացիներ, հոլանդացիներ են սովորում։ Բոլորը համերաշխ են և հարգում են միմյանց։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակից Հասմիկ Իսոյանը նշեց՝ հանձնարարականին Երևանի դպրոցներն արագ են արձագանքել և ակտիվ մասնակցություն ցույց տվել։ «Հրաշալի նախագծային աշխատանքներ են ներկայացվել, սակայն ընտրվել են Սախարովի և Գոգոլի անվան դպրոցները, որովհետև ծավալուն ու բազմաճյուղ աշխատանք են կատարել։ Սախարովի դպրոցի աշակերտների նախագծում գաղափար էր դրված, հեքիաթ էր հորինված, որի հիմքում հետևյալն է՝ աշխարհում երջանկության աղբյուրը միասնության և միմյանց հարգելու մեջ է»,-շեշտեց նա։
Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի սաներն ընդգծել էին իրանցիների, վրացիների և եզդիների մշակութային, պատմական առանձնահատկությունները։ «Աշխատել է մի մեծ խումբ՝ շուրջ 3 տասնյակ աշակերտ, տասը ուսուցիչ։ Տարբեր խմբերով ուսումնասիրություններ ենք կատարել՝ այցելություններ մշակութային վայրեր, ՀՀ ազգային ժողով, որտեղ հանդիիպել ենք եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ, աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են նրան ուղղել, ստացել պատասխաններ, պատմություններ են լսել, այցելել ենք նաև Կապույտ մզկիթ, Հայաստանում Իրանի դեսպանատանը կից մշակույթի կենտրոն և հանդիպել ենք ղեկավարի հետ, որը հեքիաթ է ընթերցել երեխաների համար։ Հետաքրքիր էր նաև ծնողների հետ համագործակցությունը. տնային պայմաններում համեղ ազգային, ավանդական ուտեստներ են պատրաստել, անգամ եզդիական հարսանիքի են մասնակցել, ծանոթացել սովորույթներին»,-պատմեց դպրոցի տնօրեն Տաթևիկ Եսայանը։
Նա վստահցրեց, որ երեխաների հետաքրքրությունն օտար մշակույթների հանդեպ իսկապես մեծ է ու փոխանցվել է մյուսներին։ Նրանք նաև բացահայտել են հայ-իրանական լեզուների առնչությունները, նույն բառերի կիրառումը, կրոնական առանձնահատկությունները։ «Վերջում բոլորս մի եզրակացության ենք եկել, որ պետք է խոսել մեր հոգու լեզվով՝ մայրենիով, ինչը նաև խորագիր է դարձել»,-շեշտեց տնօրենը։
Իրենց տաղավարները մանրակրկիտ ներկայացնելուց, հյուրերի հետ զրուցելուց հետո մասնակից աշակերտներն աբոնեմենտային ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցան դիտելու «Պատվի համար» ներկայացումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում հայտարարել էր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին վերաբերող նախագծային աշխատանքների մրցույթ։ Յուրաքանչյուր մարզից և Երևանից հաղթել էր երկու դպրոց, որոնք մասնակցում էին աշխատանքների շնորհանդեսին։ Եղանակային վատ պայմանների պատճառով Տավուշի մարզի ներկայացուցիչները չէին կարողացել ներկայանալ միջոցառմանը։