Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացումը կբարձրացնի ՀՀ-ի անվտանգությունն ու դիմադրողականությունը

21 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացումը կբարձրացնի ՀՀ-ի անվտանգությունն ու դիմադրողականությունը

Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի բոլոր դրույթների իրականացման դեպքում Հայաստանի ընդհանուր անվտանգությունն ու դիմադրողականությունը զգալիորեն կբարձրանան։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Հունանյանն՝ անդրադարձ կատարելով 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կնքված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության դրույթներին և մանրամասնորեն վերլուծելով դրանց կարևորությունը Երևանի համար։ 

Նրա դիտարկմամբ՝ փաստաթուղթը շատ առանցքային է, քանի որ այն արձանագրում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ընդհանուր տեսլականը` հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։ 

-Պարոն Հունանյան, ո՞րն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ընդհանուր գնահատականը, ինչո՞ւմն է դրա կարևորությունը և ինչպե՞ս կողմերը հասան այս կետին։

-Նախ կարծում եմ, որ չափազանցություն չի լինի ասել և արձանագրել, որ սա իրապես պատմական փաստաթուղթ էր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար, որովհետև մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի անկախությունից ի վեր՝ գտնվում ենք մեր հարաբերությունների ամենաբարձր կետում, և սա մի գործընթաց էր, որն իրականում սկսել էր դեռևս 2019 թվականին, երբ Դոնալդ Թրամփի՝ դեռևս առաջին ադմինիստրացիայի ժամանակ Հայաստանը և ԱՄՆ-ն հաստատեցին ռազմավարական երկխոսություն, և երկխոսության շրջանակներում ինստիտուցիոնալ մի համակարգ ստեղծվեց, որտեղ հարաբերությունները հետզհետե զարգանում էին։ Սա իր տրամաբանական շարունակությունը ստացավ արդեն 2024 թվականի հունիսին՝ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ընթացքում, երբ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարեցին հարաբերությունները ռազմավարական երկխոսությունից հաջորդ մակարդակ՝ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու կողմերի մտադրության մասին։ Եվ այդ պահից սկսած 2 կողմերը՝ Հայաստանի ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը, մեր պետական կառույցները սերտորեն աշխատում էին, և ի վերջո մենք ունեցանք այն փաստաթուղթը, որը ստորագրվեց հունվարի 14-ին՝ Վաշինգտոնում։ Ինչպես նշեցի, այն շատ առանցքային է, որովհետև սա արձանագրում է մեր 2 երկրների հարաբերությունները զարգացնելու ընդհանուր տեսլականը` հիմնված ընդհանուր արժեքների և ռազմավարական շահերի վրա։ Ես համոզված եմ, որ դեպի ապագա նայելով՝ հետզհետե մենք էլ ավելի մեծ բարձունքների ենք հասնելու։ 

-Որո՞նք են վաշինգտոնյան համաձայնագրի շրջանակներում առկա հիմնարար ու կարևոր բաղադրիչները, որոնք նշանակալի են երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից, և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Երևանն այս ռազմավարական գործընկերությունից։

-Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ բնույթի փաստաթուղթ է սա: Սա, կարելի է ասել, հատուկ գործողությունների ծրագիր չէ, սա ավելի շուտ հենց ռազմավարական բնույթի շրջանակային մի փաստաթուղթ է, որը բաժանված է տարբեր գլուխների, բաժինների, որոնց մեջ արձանագրված են այն ուղղությունները, որոնցով կողմերն ուզում են զարգացնել իրենց հարաբերությունները, և այդ նպատակով, ի դեպ, ստեղծվելու է Ռազմավարական գործընկերության կանոնադրության հանձնաժողով, որտեղ Հայաստանի և ԱՄՆ-ի պետական պաշտոնյաները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ, հանդիպելու են և ավելի մանրամասն նախաձեռնությունների, ծրագրերի, նոր համաձայնագրերի միջոցով էլ ավելի են զարգացնելու այդ հարաբերությունները։ Մի քանի կարևոր կետ կա, արձանագրում կա, որոնց պետք է անդրադառնանք․ հենց ամենակարևոր` «Գործընկերության սկզբունքները» բաժնում արձանագրվում է՝ Հայաստանը և ԱՄՆ-ն ասում են, որ ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է։ Սա շատ հստակ և կարևոր արձանագրում է, որը, կարծում եմ, մեզ համար շատ առանցքային նշանակություն ունի։ Ավելին, Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում` սահմանազատման գործընթացին` հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Քանի որ մենք 2 երկրներ ենք, որոնք ժողովրդավարություններ են, նաև ընդգծում ենք հանձնառությունը ժողովրդավարական արժեքների նկատմամբ, որը նույնպես կարևոր է։ Մեկ այլ կարևոր կետ, որն ուզում էի ընդգծել․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ավելին, հաջորդ բաժնում կա արձանագրում, որ Միացյալ Նահանգներն ամուր քաղաքական աջակցություն է հայտնում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։ Այսինքն, այս ամենը շատ կարևոր է, որովհետև գործընկերության սկզբունքները մեր համագործակցության հիմք են կազմում։ Արդեն հաջորդ գլուխներում մենք տեսնում ենք տնտեսության, էներգետիկայի, հաղորդակցության և կապակցվածության, մարդկային շփումների, մշակութային կապերի, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր։ Ամեն մի ոլորտում հատուկ ուղղություններ են նշված, որոնք, ինչպես նշեցի, մենք արդեն հետագայում պետք է զարգացնենք։

-Կանոնադրությունը պարունակում է նաև դրույթներ տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման վերաբերյալ․ պարոն Հունանյան, տնտեսական համագործակցության ի՞նչ ընդլայնման մասին է խոսքը, և կա՞ն արդյոք արդեն իսկ նախանշված ծրագրեր՝ տվյալ բնագավառում երկկողմ գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ։  

-Ինչպես նշեցի, արդեն հանձնաժողովի շրջանակներում կողմերն ավելի մանրամասն կքննարկեն ծրագրերը, բայց մի քանի կետերի անդրադառնամ 2-րդ բաժնից, որը հենց տնտեսությանը, ենթակառուցվածքներին և կապակցվածությանն ու էներգետիկային է անդրադառնում։ Այսպես, կողմերը նշում են, որ կուսումնասիրեն առևտրի և ներդրումների ոլորտում ռազմավարական ծրագրերը և հետաքրքրությունները։ Սա կարող է արվել թե՛ հենց այս հանձնաժողովի, թե՛ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրի և ներդրումների խորհրդի շրջանակում գոյություն ունեցող կառույցում, որն արդեն Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ է գործում։ Մեկ այլ կարևոր կետ, որը կցանկանայի նշել, վերաբերում է վերահսկվող տեխնոլոգիաներին, որովհետև կանոնադրության մեջ նշվում է, որ կողմերը մտադրություն ունեն երկխոսություն սկսել, որպեսզի Հայաստանը, հայկական վստահելի ընկերություններն ավելի մեծ հասանելիություն ստանան ԱՄՆ-ի առևտրի քարտուղարության կողմից վերահսկվող տեխնոլոգիաներին։ Սա շատ կարևոր է մեր բարձր տեխնոլոգիական և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համար։ Կարևոր կետ է նաև պարենային անվտանգությունը, որովհետև սա թե՛ տնտեսական, թե՛ դիմադրողականության տեսանկյունից մեծ նշանակություն ունի, և այս ոլորտում նույնպես կողմերն ուսումնասիրելու են հնարավորություններն ինչպես ներդրումների, այնպես էլ առևտրի զարգացման ու այլ կետերի շուրջ։

-Պարոն Հունանյան, կանոնադրության մեջ նաև անվտանգության ու պաշտպանության բաժին կա: Ի՞նչ հնարավորություններ է սա ընձեռնում և որքանո՞վ է նպաստելու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: 

-Իրապես, առանձին գլուխ կա պաշտպանության և անվտանգության վերաբերյալ, և այստեղ բազում կետեր կան ընդհանուր փոխգործակցության ծրագրի ծավալի ավելացման վերաբերյալ, որոնք ներառելու են 2 կողմերի պաշտպանական գերատեսչությունների միջև երկխոսության անցկացում, ռազմական ուսուցման ծավալների ավելացում, խաղաղապահության ոլորտում համագործակցության ամրապնդում, ահաբեկչության դեմ պայքար։ Այստեղ մի փոքր շեղվելով՝ նշենք, որ հենց այդ նույն միջոցառման ժամանակ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ դաշինքին, և այստեղ նույնպես մենք շատ կարևորում ենք համագործակցությունն ԱՄՆ-ի հետ։ Կիբեռանվտանգության ոլորտն է, որը հետզհետե էլ ավելի մեծ նշանակություն է ստանում, և Ձեր նշածը նույնպես պետք է հասկանալ այն տեսանկյունից, որ մենք արդեն իսկ շարունակական համագործակցություն ունենք ԱՄՆ-ի հետ` վտանգավոր տեխնոլոգիաների, վերահսկվող տեխնոլոգիաների մուտքը և ելքը վերահսկելու տեսանկյունից, և այստեղ կարողությունների զարգացման կարիք կա, որը կատարվելու է Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ։ Վերադառնալով գործընկերության սկզբունքներին՝ այստեղ մեկ այլ կարևոր արձանագրում կար, որ 2 կողմերը նշում են՝ «ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը, որը ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Սա, կարծում եմ՝ նույնպես այս ընդհանուր խճապատկերում պետք է տեղադրենք։  

Քանի որ խոսում ենք անվտանգության մասին, ես մեկ այլ հարցի էլ կուզեի անդրադառնալ, որովհետև թե՛ փորձագիտական դաշտում, սոցիալական մեդիայում և թե՛ տարբեր հարցազրույցներում նման շահարկում եղավ, թե ի վերջո ինչ է այս կանոնադրությունը պաշտպանական տեսանկյունից։ Մեկ կարևոր արձանագրում պիտի անենք, որ սա ռազմական դաշինք չէ, սա պաշտպանության, փոխադարձ պաշտպանելու պարտավորություն չէ։ Այսինքն, եթե օրինակ որևէ կողմի վրա հարձակում են կատարում, ապա մյուսը պարտավորվում է պաշտպանել, նման կետ չկա, բնականաբար, որովհետև սա ռազմական դաշինք չէ, սա ռազմավարական գործընկերություն է։ Սա կարևոր է, որ ընդգծենք։ Միաժամանակ, հասկանալի է, որ այն ամենը, որ կա ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ, եթե կողմերն իրականացնեն, և ես համոզված եմ, որ դա քայլ առ քայլ մենք կյանքի ենք կոչելու, Հայաստանի ընդհանուր անվտանգությունն ու դիմադրողականությունը զգալիորեն բարձրացնելու է։  

-Փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Երևանը Վաշինգտոնի հետ սկսում է միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է որպես «1,2,3 համաձայնագիր»․ ի՞նչ մանրամասներ կհայտնեք տվյալ դրույթի մասին։  

-Նախ ասեմ, որ միջուկային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը նոր չէ․ դեռևս 2022 թվականին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Վաշինգտոն պաշտոնական այցի շրջանակներում այն ժամանակ դեռևս ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և հիմա մենք լրացուցիչ մի նոր կարևոր քայլ ենք անում` սկսելով, այսպես կոչված, «1, 2, 3 համաձայնագրի» շուրջ բանակցությունները։ Սա ինչո՞վ է կարևոր․ եթե ԱՄՆ-ն որևէ երկրի հետ ուզում է շատ խորացնել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, և որևէ այլ երկիր ցանկանում է մուտք ստանալ դեպի ամերիկյան առաջատար միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաներ, ապա այս համաձայնագիրը պետք է տեղում լինի, այսինքն` սրա միջոցով մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում կարող ենք լրացուցիչ հասանելիություն ստանալ ամերիկյան տեխնոլոգիաներին։ Այսպիսով, ամրապնդում ենք միջուկային էներգետիկայի ոլորտում ընդհանուր անվտանգության շուրջ համագործակցությունը։

-Փետրվարի 3-6-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԱՄՆ, որտեղ մասնակցեց Կրոնի ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին և մի շարք հանդիպումներ ունեցավ: Ի՞նչ նշանակություն ուներ այս այցը և ինչո՞վ էր այն առանձնանում:  

Կարծում եմ, որ շատ կարևոր, շատ ճիշտ ժամանակահատվածում և ռազմավարական բնույթի այց էր սա, որը մի քանի կարևոր մեսիջներ տալու, հայկական նարատիվները ներկայացնելու և նոր ադմինիստրացիայի հետ կոնտակտներ հաստատելու համար շատ կարևոր էր։ Այս այցն, անկախ ամեն ինչից, պաշտոնական այց չէր, աշխատանքային էր, բայց ամեն դեպքում դրա առաջնային նպատակը Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելն էր։ Այս 2 միջոցառումներն, իրականում, կարծես, տարբեր թեմաների են անդրադառնում, բայց փոխկապակցված թեմաների, որովհետև առաջինի դեպքում, ինչպես անունն է հուշում, միջազգային կրոնական ազատությունն է, երկրորդի դեպքում ավելի շատ քրիստոնեության, քրիստոնեության գաղափարախոսության շուրջ միավորվելու, ընդհանուր հանդուրժողականության և քրիստոնեության պաշտպանության թեմաներն էին։ Ասեմ, որ այս 2 ուղղությունները՝ կրոնական ազատության պաշտպանությունը և ընդհանրապես քրիստոնեությունը, տարբեր քրիստոնեական հոսանքները և աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանությունը շատ մեծ կարևորություն ունեն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։ Որպեսզի նաև հասկանանք այս երկու միջոցառումների կարևորությունը, պետք է պարզապես նշել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, իսկ Ազգային աղոթքի նախաճաշին՝ արդեն նախագահ Դոնալդ Թրամփը։ Եվ ահա Հայաստանը, ներկա լինելով այս միջոցառմանը, հնարավորություն է ունենում շփումներ ունենալ կարևոր, ազդեցիկ քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների, կոնգրեսականների, կրոնական առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և այլոց հետ, և ոչ միայն ներկա լինել, այլև հանդես գալ հիմնարար ելույթով։ Կարծում եմ` սրա կարևորությունն այս պարագայում դժվար է գերագնահատել։

-Ինչո՞վ են կարևորվում վարչապետի այցի ընթացքում մյուս հանդիպումները, այդ թվում՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպումը: 

-Նախ ուզում եմ նշել, որ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ շփումը նոր չէր, այսինքն` սա առաջին շփումը չէր։ Երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց, տարածաշրջանի առաջնորդներից առաջինը հեռախոսազրույց ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և այդ շփումը շարունակվեց արդեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության ժամանակ։ Այսինքն՝ ի սկզբանե այդ կապուղիները, հաղորդակցության կապուղիները հաստատվել էին նոր ադմինիստրացիայի հետ, և արդեն Վաշինգտոնում՝ վարչապետի այցի ընթացքում, տեղի ունեցավ հանդիպում փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Նշեմ, որ սա նախատեսված, պլանավորված հանդիպում չէր, որովհետև, ինչպես սկզբում նշեցի, պաշտոնական այց չէր, բայց հընթացս կողմերը եկան այդ մտքին, որ հանդիպեն և քննարկեն մեր համագործակցության ուղիները, և ասեմ, որ մեր երկկողմ օրակարգին և տարածաշրջանին վերաբերող շատ կարևոր և արդյունավետ քննարկում է եղել: Ինչո՞ւ է կարևոր, որովհետև կանխատեսվում է, որ Ջեյմս Դեյվիդ Վենսը Դոնալդ Թրամփի հետնորդը կլինի։ Եթե չեմ սխալվում, վարչապետն առաջին օտարերկրյա առաջնորդն էր, ում հետ Ջեյմս Դեյվիդ Վենսը հանդիպեց։ Ասեմ, որ հանդիպումները, կարելի է ասել, մի քանի ռազմավարական հարթությունների կարող ենք բաժանել․ առաջինը՝ դրանք ավելի պաշտոնական շփումներն են փոխնախագահի հետ, բայց ոչ միայն փոխնախագահի, որովհետև Կոնգրեսում նույնպես հանդիպում տեղի ունեցավ երկարակյաց սենատոր, Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ, որը նույնպես շատ կարևոր էր։ Հանդիպումներ տեղի ունեցան Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավարության հետ, որի կառավարման խորհուրդը հիմնականում հենց «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներն են ղեկավարում։ Շատ կարևորում եմ, իհարկե, ուղեղային կենտրոնները, որովհետև նաև մենք պետք է հասկանանք, որ ուղեղային կենտրոնները շատ մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի քաղաքականության ձևավորման մեջ, և, իհարկե, վարչապետը մասնակցեց Ատլանտյան խորհրդում մեծ կլոր սեղանին, որտեղ բազմաթիվ այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ էին, և այնտեղ կարևոր քննարկում տեղի ունեցավ։ Ուզում եմ հատկապես շեշտել «Հերիթեյջ» հիմնադրամի հետ հանդիպումը, որը մեծ ազդեցություն և մեծ կապեր ունի ներկայիս ադմինիստրացիայի հետ։ Իհարկե, չենք մոռանում նաև մեր համայնքային կառույցների հետ հանդիպումները։ Այսինքն, այս բոլորը միասին, ըստ էության, հնարավորություն էին տալիս մի կողմից անդրադառնալ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, ինչպես նաև ներկայացնել մեր խաղաղության օրակարգը նոր ադմինիստրացիային։ Ասեմ, որ այս առումով մենք շատ դրական արձագանք ենք ստացել։  

-Պարոն Հունանյան, կցանկանայի՞ք որևէ բան հավելել։

-Մեկ կետ, թերևս, որն այս կամ այն կերպով շոշափեցինք, բայց ավելի մանրամասն չանդրադարձանք, խաղաղությունն է, և նշեմ, որ մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի երկրների, թե՛ ԱՄՆ-ի և ընդհանրապես ավելի լայն միջազգային հանրության շահերից է բխում, որպեսզի Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղություն հաստատվի։ Սա մի օրակարգ է, որ Հայաստանի կառավարությունն աննկուն կերպով և շարունակաբար առաջ է մղում։ Ինչպես գիտեք, սա մի խոսույթ է, մի ռազմավարություն, քաղաքականություն է, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար նույնպես շատ կարևոր է. խոսքը նրա «Խաղաղություն զորության միջոցով» սկզբունքի մասին է։ Նա նաև իր երդմնակալության ելույթում և, ի դեպ, նաև Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ նշեց, որ ցանկանում է, որպեսզի իր ամենամեծ ժառանգությունը լինի խաղաղարարի համբավը, խաղաղարարի ժառանգությունը, և այս առումով մենք լիահույս ենք, որ նաև ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ մենք, ի վերջո, տարածաշրջանում կհաստատենք կայուն, երկարատև և արդար խաղաղություն։  

Ամփոփելով մեր զրույցը՝ կարող եմ ասել, որ տարին շատ ակտիվ է սկսվել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների համար․ ռազմավարական գործընկերության հաստատումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ կարևոր այցն ԱՄՆ, որն արդեն հնարավորություն է ստեղծել նոր ադմինիստրացիայի հետ ծանոթանալ մեր ընդհանուր օրակարգին։ Ես համոզված եմ, որ մենք շարունակաբար, առանց տեմպը գցելու էլ ավելի առաջ ենք գնալու և մեր հարաբերությունների համար նոր բարձունքներ ենք նվաճելու։

-Պարոն Հունանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում