Գրականության և արվեստի թանգարանում բացվել է Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն
2 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցելուները հնարավորություն ունեն դիտելու խմբավարի կյանքին ու գործունեությանն առնչվող ցուցանմուշներ:
«Ցուցադրությանը ներկայացված է Կանաչյանի ջութակը, որը հայթայթել էր Բարսեղի համար իր հայրը: Այն մինչև կյանքի վերջ Կանաչյանի հետ էր։ Այստեղ կարող ենք տեսնել նաև Կոմիտասի հետ լուսանկարը, բազմաթիվ այլ լուսանկարներ, անձնական իրեր, այդ թվում` հայ և այլ ազգային մշակույթներին բերած իր խոշոր նպաստի համար ստացած պարգևը` Լիբանանի «Մայրիներ» Ա կարգի շքանշանը»,-նշել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը:
Հոբելյանական միջոցառման շրջանակում անցկացվել է նաև համերգային ծրագիր` Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
Բարսեղ Կանաչյանը Կոմիտաս վարդապետի՝ ստեղծագործական բացառիկ ունակություններով աչքի ընկնող հինգ սաներից մեկն էր, որը Պոլսի «Մասիս» երգչախմբի և 1936-ին Բեյրութի «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիրն ու խմբավարն է եղել։
Անվանի երգահան Կանաչյանը, դրսևորվելով մեներգի և խմբերգի ժանրերում, օգտագործել է բազմաձայնության արվեստի տարբեր տարրերը, ստեղծել իր ուրույն գրելաոճը։