Ադրբեջանական ինքնաթիռի կործանումը պատրվակ է, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև լարվածությունը խորքային է ու բազմաշերտ. ադրբեջանագետ
7 րոպեի ընթերցում

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն ընդհանուր առմամբ լարվեցին ադրբեջանական ինքնաթիռի հայտնի աղետից հետո, երբ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ դեկտեմբերի 25-ին օդանավը կործանվել էր ռուսական զինուժի կողմից խոցման հետևանքով, իսկ իրականում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերությունները խորքային են ու բազմաշերտ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա լարված հարաբերություններին։
«Ալիևը մեկնում էր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, և հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ միջադեպը։ ՌԴ նախագահն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց իր ափսոսանքն ու ցավակցությունը և սահմանափակվեց այդքանով։ Այդուհանդերձ, հունվարի վերջից կրկին այդ թեման ակտիվացավ։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ, թե իբր անգամ Ալիևի ինքնաթիռն է հայտնվել խափանումների դաշտում, իսկ հետո այդ տեղեկությունը ժխտեցին։ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը և պետական տեղեկատվական աղբյուրները պարզապես գրոհ կազմակերպեցին Ռուսաստանի վրա՝ նշելով, որ իրենք ռուսական կողմից ներողություն հայցելուց բացի, ակնկալում են նաև փոխհատուցում»,- նշեց Հայրապետյանը։
Նա հիշեցրեց, որ թեև ռուսական կողմը միշտ կոչ էր անում սպասել աղետի հետաքննության արդյունքներին և ամփոփիչ եզրակացությանը, բայցևայնպես ադրբեջանական կողմը շարունակում է զարգացնել տվյալ թեման, զուգահեռաբար Բաքվում փակում է «Ռուսական տունը», և արդեն խոսվում է «Սպուտնիկ Ադրբեջան» ռուսական լրատվական գործակալությունը փակելու մասին։
«Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորքային են ու բազմաշերտ, ուստի երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը կարող է լինել տարբեր դրդապատճառներով։ Օրինակ՝ այդ ամենը ժամանակագրորեն համընկավ ռուս-իրանական վերջին համաձայնագրի կնքման հետ, ինչից հետո ադրբեջանական կողմը նորից ակտիվորեն արծարծեց վերոհիշյալ թեման։ Չեմ բացառում, որ նաև Սյունիքի առնչությամբ ռուսական կողմը կատարած լինի որոշակի փոփոխություններ իր դիրքորոշումներում, և, գուցե, իրանական կողմն է Ռուսաստանին խնդրել հետքայլ կատարել այդ հարցում։ Չեմ բացառում, որ դրդապատճառներից մեկը կարող է վերաբերվել գազի խնդրին։ Քանի որ եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազը տեղափոխվում է Ադրբեջանի տարածքով, ուստի կարող են տարաձայնություններ առաջանալ տարանցման գնի շուրջ։ Այստեղ ավելի շատ գործում է շանտաժի էլեմենտը, որովհետև Ադրբեջանը որոշ հարցերում ակնհայտորեն ունի հստակ ակնկալիքներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանն իրականում ունի Ադրբեջանի վրա ազդելու բազմաթիվ լծակներ և կարող է դրանք գործարկել, բայց քանի որ երկու երկրներն էլ փակ պետություններ են, փորձագիտական աղբյուրներն էլ խիստ սահմանափակ են, հետևաբար դժվար է խորքային և հստակ գնահատականներ գտնել, առավել ևս, որ շատ քննարկումներ տեղի են ունենում կուլիսների հետևում և շատերի համար ակներև չեն։
«Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո Ռուսաստանն ու Իրանը գնացին ավելի համապարփակ գործընկերային համագործակցության՝ կնքելով մեծածավալ համաձայնագիր, ինչն ազդում է նաև մեր տարածաշրջանի վրա։ Սիրիայի մասին խոսելիս՝ գերազանցապես նկատի ունեմ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունը, ինչից հետո Թուրքիան փաստացի իր վերահսկողությունը սահմանեց այդ երկրում՝ այդտեղից դուրս մղելով Իրանին և Ռուսաստանին։ Ուշագրավ է, որ թուրք-ադրբեջանական հանդիպումներում արդեն քննարկվում էր Սիրիայում ադրբեջանական զինուժի հնարավոր ներկայության հարցը։ Հայտնվեցին ադրբեջանցի պատգամավորներ, որոնք հայտարարում էին, թե Սիրիան իրենց հոգևոր հայրենիքն է՝ նախապատրաստելով համապատասխան հիմք, որպեսզի ադրբեջանական զինուժը ներկայացվածություն ունենար նաև Սիրիայում, ինչն արվել էր թուրքական կողմի պահանջով և հորդորով»,- նշեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մեջ տեսանելի է թուրքական հետք, հատկապես եթե հաշվի առնենք, որ թյուրքալեզու երկու երկրները սերտորեն համագործակցում են և այդ հանգամանքն ուղղում Ռուսաստանի դեմ։ Նշված լարվածության գործոնն Իլհամ Ալիևն օգտագործում է նաև եվրոպական երկրներին հաճոյանալու և հակառուսական դիրքորոշման դիմաց Արևմուտքից քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Հայրապետյանը հիշեցրեց՝ երբ Ալիևը Դավոսում էր, այնտեղ հանդիպեց Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ, ինչին անդրադարձան եվրոպական հեղինակավոր շատ պարբերականներ։ Եղան նաև հրապարակումներ այն մասին, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական զինուժի կողմից։ Այդ հանգամանքն Ալիևն ակտիվորեն խաղարկում է արևմտյան տիրույթում։
«Եթե մոնիթորինգի ենթարկենք ադրբեջանական մամուլը, ապա պարզ կդառնա, որ նրանք հակված են սրելու իրավիճակը։ Այդուհանդերձ, դա արվում է ԶԼՄ-ների միջոցով, իսկ պաշտոնատար անձինք խուսափում են հրապարակային հայտարարություններից։ Վերջերս լրատվականներից մեկն իբրև թե ցանց էր բացահայտել, որում ներգրավված էին նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, որը նախիջևանյան կլանի ղեկավարն էր և աշխատանքից հեռացվեց Մեհրիբան Ալիևայի պահանջով։ Նրանց մեղադրեցին ռուսական գործակալներ լինելու մեջ, ու թեև հետագայում տեղեկությունը հերքվեց, սակայն թեման՝ ի թիվս հակառուսական այլ հրապարակումների, մամուլում շարունակաբար արծարծվեց»,- ասաց ադրբեջանագետը։