Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն․ Պաղեստինի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը վաճառքի, սակարկման կամ փոխանակման ենթակա չեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ «ցանկացած նման գաղափար նպատակ ունի երկարացնել հակամարտությունը» և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իսրայելում «պահել իշխանության ղեկին Պաղեստինի ժողովրդի ու նրա տառապանքների հաշվին»:
Իր հայտարարության մեջ Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը «դիմակայել այս ռասիստական գաղութային քաղաքականությանը և չբավարարվել մերժման ու նախազգուշացման հայտարարություններով, ինչպես նաև աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակտիվացման ուղղությամբ, որպեսզի այն կարողանա կատարել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի բանաձևերի իրագործման և միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման գործում իր պարտականությունները»:
Հայտարարության մեջ Պաղեստինի ԱԳՆ-ն նշել է, որ «Իսրայելի կառավարությունը և վարչապետ Նեթանյահուն փորձում են կոծկել Պաղեստինի ժողովրդի դեմ իրենց գործած ցեղասպանության, տեղահանման և բռնակցման հանցագործությունները»՝ հավելելով, որ Իսրայելի կառավարությունը որդեգրել է տեղահանելու գաղափարը և ձգտում է այն իրականացնել օկուպացիայի ուժով՝ անտեսելով տարածաշրջանի և աշխարհի երկրների անվտանգությունն ու կայունությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ: Ինչ վերաբերում է պաղեստինցիների՝ անկլավում ապրելու հեռանկարին, Թրամփը համարում է, որ դա անհնար է։