Տնտեսություն

Արգելքը կարող է հանգեցնել ստվերի առաջացմանը. փորձագետը՝ ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտում տիրող իրավիճակի մասին

10 րոպեի ընթերցում

Արգելքը կարող է հանգեցնել ստվերի առաջացմանը. փորձագետը՝ ՀՀ-ում շահումով խաղերի ոլորտում տիրող իրավիճակի մասին

Հայաստանում ահագնացող չափերի հասած խաղամոլությունը իրապես վերածվել է հասարակական չարիքի, մինչև իսկ՝ ազգային անվտանգության նշանակության խնդրի։ Այս հանգամանքը շեշտվեց նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախորդ շաբաթվա նիստում, որում, մասնավորապես, առաջարկվեց բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և մոլախաղերի ոլորտի այլ կազմակերպությունների հարկային բեռը: Ենթադրվում է, որ դա ոչ միայն լրացուցիչ միջոցներ կուղղի պետբյուջե, այլև կարող է նպաստել խաղամոլության կրճատմանը։  

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Գագիկ Հակոբյանի հետ, որն առկա իրողությունների պայմաններում հիմնավորված չի համարում ոլորտում շրջանառության հարկի կտրուկ ավելացումը՝ դրանում տեսնելով նաև օրենսդրական հակասություններ և ածանցյալ վտանգներ։ 

- Ըստ Ձեզ, Հայաստանում որքանո՞վ է սուր շահումով խաղերի տարածման խնդիրը: 

- Շահումով խաղերի առաջացրած խնդիրներին և դրանց իրավական կարգավորմանն անդրադառնալիս՝ նախ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակ ենք հետապնդում և ինչպիսի լուծում ենք ակնկալում։ Իմ և բազում այլ փորձագետների համոզմամբ՝ խնդիրը մեր հանրության շրջանում սպառնալի չափերի հասած խաղամոլության տարածումն է: Այս առումով պետք է նշել, որ առաջարկվող հարկային փոփոխություններում չկան նշված խնդրի լուծմանն ուղղված քայլեր:

- Խորհրդարանական հանձնաժողովում ներկայացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին շահումով խաղերի ընդհանուր շրջանառության ծավալը Հայաստանում հասել է շուրջ 6.3 տրիլիոն դրամի, որից հարկվել է 33 մլրդ դրամը կամ ընդհանուր ծավալի մոտ 0.5 տոկոսը: Ընդ որում, շրջանառության ծավալի և վճարած հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ: Տիրապետո՞ւմ եք 2024-ի տվյալներին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է համարժեք կամ համադրելի շրջանառության ծավալի և հավաքագրված հարկերի հարաբերակցությունը:

- 2024 թվականին Հայաստանում շահումով խաղերի ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 7.13 տրիլիոն դրամ, որից 7 տրիլիոնն ուղղվել է շահումների վճարմանը: Արդյունքում՝ ոլորտի շահութաբերության մարժան մնացել է նույնը՝ 1.8%: Նշեցիք, որ 2023-ին խաղադրույքների ընդհանուր ծավալը կազմել է 6.3 տրլն դրամ, որի 0.5 տոկոսը հարկվել է: Սակայն, այստեղ կարևոր է նշել, որ տվյալ գումարից 6.2 տրլն դրամը վճարվել է որպես շահում, այսինքն՝ կազմակերպությունների զուտ խաղային շահույթը կազմել է 100 մլրդ դրամ։ Այս պարագայում ստացվում է, որ նրանք հարկվել են իրենց խաղային շահույթի 33 տոկոսի չափով: Այսինքն, շահումով խաղերի շահույթի մարժան 2023 թվականին նույնպես եղել է մոտավորապես 1.8%: 

Իսկ խաղադրույքների ծավալի փոփոխության նկատմամբ հարկերի ծավալի անհամաչափ փոփոխությունը պայմանավորված է 14 տարվա ընթացքում խաղային ոլորտում տեղի ունեցած փոփոխություններով, որոնց արդյունքում կազմակերպությունների շահույթի մարժաները նվազել են։ Համապատասխանաբար, նվազել են նաև դրանցից վճարվող հարկերը։ Նման միտում եղել է նաև միջազգային շուկայում։

- Նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել նաև մինչև 20 տոկոսի շրջանառության հարկ: Ի՞նչ կարծիքի եք այս առաջարկի մասին:

- Ինչպես նշեցի, խաղադրույքների ոլորտի շահութաբերության մարժան կազմում է շրջանառության 1.8 տոկոսը: Այս պարագայում, կարծում եմ, անտրամաբանական է 10 կամ 20 տոկոս շրջանառության հարկ սահմանելը, քանի որ դա կարող է հանգեցնել ոլորտում ներկայացված կազմակերպությունների շուկայից դուրս գալուն  կամ, ինչն ավելի վատ է, անհամեմատ մեծ ստվերի առաջացմանը:

Ի դեպ, 2024 թվականին ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել էր, որ խաղադրույքների ծավալի 90 տոկոսը տարբեր շահումների տեսքով վերադարձվում է խաղացողներին: Այս պարագայում առաջանում է օրենսդրական հակասություն․ ինչպե՞ս սահմանել 20 տոկոսի չափով շրջանառության հարկ, եթե կազմակերպություններին տրված է շրջանառության ընդամենը 10 տոկոսի չափով շահույթ ունենալու հնարավորություն, ինչն այսօր փաստացի կազմում է ընդամենը 1․8 տոկոս։

Նշեմ նաև, որ ՀՀ-ում այսօր ունենք սահմանված շրջանառությունից հարկ՝ շահումով խաղեր մատուցող կազմակերպությունների համար։ Դա գանձվում է պետական տուրքի տեսքով, որը կազմում է յուրաքանչյուր 100 միլիարդ դրամ խաղադրույքի դիմաց 175 միլիոն դրամ։

- Այս ոլորտում ստվերի չափի մասին տվյալներ կա՞ն:

- Հայաստանում խաղադրույքների ծավալի ստվերի մասով վիճակագրություն գրեթե չկա, սակայն ֆինանսների փոխնախարար Նարե Ավետիսյանը մի առիթով նշել էր, որ այդ խաղադրույքների ծավալի մոտ 7․5 տոկոսն իրականացվում է օտարերկրյա հարթակներում։ Դա, ըստ էության, կարելի է համարել ստվեր, քանի որ այդ խաղադրույքների հետևանքով ՀՀ տնտեսությունը կորցնում է բավականին մեծ հարկային մուտքեր։ Այս հանգամանքը հաշվի առնելը շատ կարևոր է ՀՀ տնտեսության համար, քանի որ, եթե օրենսդրական փոփոխություններ նախատեսելիս հաշվի չառնենք հնարավոր խաղադրույքների արտահոսքը երկրի տնտեսությունից, ապա պետական բյուջեն կզրկվի զգալի հարկային մուտքերից։ Չպետք է մոռանանք նաև այն հանգամանքը, որ սույն ոլորտի կազմակերպությունները միաժամանակ խոշոր գործատուներ են, աշխատանքով են ապահովում ավելի քան 6 հազար քաղաքացու։

- Պատգամավոր Հայկ Սարգսյանը կառավարությանն առաջարկել է ԱՄԷ-ի, Կատարի, Իրանի, այլ երկրների, ԱՄՆ-ի որոշ նահանգների օրինակով Հայաստանում օրենքով արգելել բոլոր տեսակի շահումով խաղերը, մոլախաղերը և բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը, կամ էլ նման գործունեությամբ զբաղվելու իրավունքը վերապահել բացառապես պետական ընկերություններին: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքն այս առաջարկների վերաբերյալ:

- Արգելքը կարող է հանգեցնել նշածս ստվերի առաջացմանը։ Եթե հիմնական նպատակ ենք սահմանում խաղամոլության ծավալների նվազեցումը, ապա պետք է այլ մոտեցում դրսևորենք, քանի որ արգելքը խնդրի լուծում չէ։ Դրա մասին է վկայում եվրոպական մի շարք երկրների փորձը, որոնցում ժամանակին արգելել էին բուքմեյքերների գործունեությունը, սակայն բախվելով հսկայական ստվերի առաջացման փաստին՝ ստիպված էին վերանայել այդ որոշումը։ Արգելքի կիրառման անարդյունավետության ամենավառ օրինակներից է Իրանը, որտեղ մոլախաղերի կազմակերպիչների համար նույնիսկ մահապատիժ է սահմանված, սակայն, միևնույնն է, հսկայական ծավալների խաղադրույքներ են կատարվում։

Անհասկանալի է նաև պետական բուքմեյքերական կազմակերպություն ունենալու առաջարկի նպատակը։ Հայաստանն ունի նման խաղերի կազմակերպիչների և խաղացողների կողմից պատասխանատվության մակարդակի բարձրացման կարիք, իսկ այս առաջարկը ոչ միայն չի նպաստում նշված խնդրի լուծմանը, այլև լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

- Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պետք է անել ոլորտը կարգավորելու, նաև՝ հարկման տեսանկյունից հնարավորինս թափանցիկ դարձնելու համար: Այդ առումով կա՞ միջազգային փորձ, որը կարող է առավել գործածական լինել Հայաստանի համար:

- Միջազգային փորձով հաստատված արդյունավետ ուղի է վերահսկող առանձին մարմնի ստեղծումը, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանում արդեն իրականացվել են նշանակալի քայլեր, սակայն մեխանիզմն ամբողջության չի գործարկվում։ Խոսքը վերահսկող այնպիսի մարմնի ստեղծման մասին է, որը մշտական հասանելիություն կունենա  խաղացողների խաղային պատմությանը, ինչպես նաև՝ շահումով խաղերի ոլորտում գործող կազմակերպությունների ներքին ծրագրերին։ Դա հնարավորություն կտա մշտապես հետևել խաղադրույքների ծավալին և խաղամոլության առաջացման դինամիկային, առավելագույնս թափանցիկ դարձնել խաղային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը և հետագայում կիրառել պատասխանատու խաղի ճիշտ միջոցներ։

Այդպիսի մոտեցումը լայնորեն տարածված է Եվրոպայում։ Հայաստանում պատասխանատու խաղի հիմնական դրույթների ներդրումը և տեղայնացումը կարող է շատ արդյունավետ լինել և մոտեցնել սահմանված խնդրի լուծմանը։ Նշածս կանոնների կիրառումը ոչ միայն կնվազեցնի շահումով խաղերից կախվածության դեպքերը, այլև ավելի վերահսկելի և ապահով միջավայր կստեղծի օպերատորների ու խաղացողների համար։ Այս մոտեցումը նաև ենթադրում է խաղային օպերատորների պարտավորությունների, ֆունկցիոնալ հնարավորությունների և սահմանափակումների գործիքակազմի ներդրում, ինչը խաղացողներին թույլ չի տա չարաշահել խաղային հնարավորությունները և կախվածություն ձեռք բերել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում