Podcast-Հարց բժշկին. Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին
4 րոպեի ընթերցում
![Podcast-Հարց բժշկին. Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/QxrrKlkZ3FN6flKuLFMor5ZKRZuRFGt7ow8Opgu2.webp)
Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը չունի տարիքային սահմանափակում: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով կարելի է այն համարել ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Խնդիրը բավականին տարածված է ամբողջ աշխարհում, և բացառություն չէ նաև Հայաստանը:
Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ամբողջ աշխարհում այդ օրը իրականացվում են մի շարք տարբեր միջոցառումներ, արշավներ, որոնք նպաստում են հանրության շրջանում հիվանդության մասին իրազեկվածության բարձրացմանը:
Էպիլեպսիայի առաջացման պատճառների, ախտանշանների, բուժման առաջարկվող մեթոդների և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում զրուցել ենք «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանի հետ:
Մասնագետն ընդգծեց՝ շատ կարևոր է մշտապես իրազեկել հանրությանը էպիլեպսիայի մասին, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, անհարժեշտության դեպքում կարողանան օգնություն ցուցաբերել, ինչպես նաև էպիլեպսիայով հիվանդներին չառանձնացնեն հանրությունից:
Ըստ մանկական նյարդաբանական հիվանդությունների վիճակագրության՝ Հայաստանում 3000-ից ավելի երեխա ունի էպիլեպսիա։ Բժիշկ Կույումջյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը միջին եկամուտ ունեցող երկիր է, այդ իսկ պատճառով դա բավականին մեծ թիվ է համարվում, քանի որ զարգացած երկրներում այն ավելի քիչ է:
«Միջին եկամուտ ունեցող երկրներում ծննդաբերության արդյունքում գլխուղեղի ախտահարումը ավելի շատ է լինում, ինֆեկցիաներով ավելի հաճախ են հիվանդանում, որի արդյունքում կարող է զարգանալ էպիլեպսիա: Շատերին մտահոգող այն հարցին, թե արդյոք էպիլեպսիան ի ծնե՞ է ի հայտ գալիս, թե՞ այլ տարիքներում էլ կարող է դրսևորվել նշեմ, որ այն կարող է զարգանալ նորածնային հասակից և ի հայտ գալ մինչև ծերություն, քանի որ էպիլեպսիայի պատճառները տարբեր են»,- նշեց մասնագետը:
Անդրադառնալով բուժման տարբերակներին՝ բժիշկ Կույումջյանը նշեց, որ շատ կարևոր տեղ է զբաղեցնում դեղորայքային բուժումը, որը ենթադրում է համապատասխան դեղորայքի ընդունում և այդպիսով նոպաների վերահսկում։
Ըստ նրա՝ այսօր արդեն էպիլեպսիաների որոշ դեպքերում հնարավորություն կա նաև վիրահատական միջամտություն կատարել։
Մասնագետը ցավով նշեց, որ էպիլեպսիայի հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ հասարակության մեջ այդ հիվանդությունն ունեցող երեխաներին չեն ընդունում. «Այս հիվանդությունն ունեցող երեխաներին չեն ընդունում դպրոցներ, մանկապարտեզներ, և ընտանիքները շատ դժվար իրավիճակում են հայտնվում, հատկապես դա ակնառու է մարզերում։ Էպիլեպսիայով երեխաները առողջ երեխաներ են, ընդամենը նրանց շրջապատին պետք է կրթել, թե ինչպե՞ս արձագանքել, ինչպե՞ս վարվել ցնցումների ժամանակ։ Ինչքան հասարակությունը կրթված է, այնքան տարբեր խնդիրներ ունեցող երեխաները ավելի հեշտ և բնականոն ինտեգրվում են կյանքին»,- նշում է մասնագետը:
Ինչպե՞ս են նորագույն գիտական մոտեցումները փոխել էպիլեպսիայի բուժման և կառավարման մեթոդները։ Ինչքանո՞վ է կարևոր մասնագետների հանդիպումը էպիլեպսիա ունեցող երեխաների ծնողների հետ: Այս և մի շարք այլ հարցերի ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքասթը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները