ԲՏԱ նախարարությունը Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները կներկայացնի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսում
9 րոպեի ընթերցում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2025 թվականին միասնական տաղավարով կմասնակցի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսի, ինչը կնպաստի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արտադրանքի ճանաչելիության ու հեղինակության բարձրացմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության պետ Գագիկ Բադադյանը՝ նշելով, որ այս միջոցառումներին մասնակցությունը առաջին հերթին հայաստանյան տեխնոլոգիական կազմակերպությունների համար ապահովում է տեսանելիություն, քանի որ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարը տեղական կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծում միջազգային շուկայում ներկայացնել իրենց պրոդուկտները:
«Սա նաև հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի ներուժը, որովհետև մենք հանդես ենք գալիս «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով և փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ մեր երկիրը իրապես կարող է լինել տեխնոլոգիական մտքի կենտրոն:
Միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցությունը նպատակ ունի համագործակցության հիմքեր ձևավորել տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերությունների համար, պայմաններ ստեղծել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ճանաչելիության ու հեղինակության բարձրացման, նոր շուկաների հայտնաբերման, հայկական արտադրանքի համար արտահանման հնարավորությունների բացահայտման, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավման համար:
Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ տեխնոլոգիաների ոլորտում դառնալու նորարարական գաղափարների առաջամարտիկներից ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում, ուստի անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները ազգային տեխնոլոգիական ոլորտի զարգացման, առաջընթացի և կայացման համար»,- նշեց նախարարության շուկայի զարգացման վարչության պետը:
Գագիկ Բադադյանն ընդգծեց՝ նախարարությունը 2025 թվականի ընթացքում նախատեսում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով հայկական ոլորտային կազմակերպությունների մասնակցությունն ապահովել հինգ խոշոր միջազգային ցուցահանդեսի:
Նրա խոսքով՝ առաջին ցուցահանդեսը, որին Հայաստանը պլանավորում է մասնակցել «Այդեքս 2025» (IDEX 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսն է, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 17-21-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբիում:
«Մարտին պլանավորում ենք մասնակցել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ից 6-ն անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (MOBILE WORLD CONGRESS BARCELONA 2025) միջազգային ցուցահանդեսին, որը կապի և տեխնոլոգիական ոլորտի միջազգային ցուցահանդես է, որտեղ ևս ունենալու ենք առանձին տաղավար և ներկայացնելու ենք տեղական 10 կազմակերպությունների:
Մայիսի 6-8-ը Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում պլանավորվում է մասնակցություն «Դեֆեա 2025» (DEFEA 2025) պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին: Իսկ 2025 թվականի հունիսի 11-ից 14-ը մասնակցելու ենք «Վիվա Թեքնոլոջի 2025» (VIVA TECHNOLOGY 2025) միջազգային ցուցահանդեսին, որը տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում»,-ասաց Բադադյանը:
Ըստ ՀՀ ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության պետի՝ տարին կամփոփեն միջազգային արտասահմանյան ցուցահանդեսներից «Ջայտեքս 2025»-ին (GITEX 2025) մասնակցելով: Այն համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսներից է, որը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 17-ն ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։
Անդրադառնալով Հայաստանի կողմից ցուցահանդեսների ժամանակ տաղավարներում ցուցանմուշներ և տեսանելի պրոդուկտներ չներկայացնելու շուրջ բազմաթիվ խոսակցություններին՝ Բադադյանն ասաց.
«Մենք կազմակերպությունների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայանալու միջոցառումներին առարկայական: Կախված ցուցահանդեսի բնույթից՝ աջակցում ենք ցուցանմուշների տեղափոխության և դրանք ցուցադրելու հարցում ևս: Ցուցահանդեսներում մենք փորձում ենք առավելագույնս ապահովել առարկայական ներկայացվածություն, ինչը, բնականաբար, ավելի տեսանելի ու ճանաչելի է դարձնում տվյալ պրոդուկտը, բայց նմանատիպ որոշումը կայացվում է կախված պրոդուկտի տեսակից: Եթե խոսքը գնում է օրինակ ծրագրային ապահովում ենթադրող արտադրատեսակի մասին, բնականաբար, պրոդուկտի որևէ նմուշ չի ներկայացվում, որովհետև նյութականացված արդյունք չի ներկայացվում, իսկ բոլոր այն դեպքերում, երբ պրոդուկտը նյութականացված է, ապա նախարարությունը կազմակերպությունների համար ստեղծում է իրենց ապրանքատեսակները ներկայացնելու հնարավորություն»,- ասաց նա:
Գագիկ Բադադյանը նշեց, որ նախորդ տարվա արդյունքներով «ՀԱՅԱՍՏԱՆ» տաղավարի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է եղել, ունեցել են բազմաթիվ այցելություններ, հանդիպումներ և քննարկումներ, ինչը խոսում է այն մասին, որ հայաստանյան ընկերությունները իրենց մտքի, հմտությունների և կարողությունների տեսանկյունից կարող են լինել գրավիչ միջազգային շուկայի համար:
«Մեր կազմակերպությունները, ունենալով հանդիպումներ, քննարկումներ, մասնակցելով տարբեր միջոցառումների, հնարավորություն են ունեցել կնքել պայմանագրեր և հաստատել նոր բիզնես փոխհարաբերություններ: 2024 թվականի տվյալներով մենք ունենք համագործակցության 81 դեպք, որոնցից 22-ը պայմանագրի տեսքով, 20-ը՝ համաձայնագրի և հուշագրի, իսկ մնացած պարագաներում՝ համագործակցության այլ ձևերի: Սա տեղական կազմակերպությունների համար միջազգայնացման, առևտրայնացման և, բնականաբար, շուկաներ գրավելու հիանալի հնարավորություն է»,- նշեց Բադադյանը:
Անդրադառնալով 2024 թվականին արտերկրում անցկացված ցուցահանդեսներին՝ նա նշեց՝ նախորդ տարի մասնակցել են 5 միջազգային ցուցահանդեսի, որոնցից 1-ն անցկացվել է Հայաստանում։
«Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում 2024 թվականի հունվարի 17-19-ը Հայաստանը մասնակցել է «Քնվրջնս Ինդիա 2024» (Convergence India 2024) ցուցահանդեսին՝ ներկայացնելով 7 ոլորտային կազմակերպություններ և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը:
Փետրվարի 26-29-ը Բարսելոնայում Հայաստանը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ին (MWC Barcelona 2024)՝ ներկայացնելով 14 ոլորտային կազմակերպություններ։
2024 թվականի մայիսի 22-25-ը Փարիզում «Վիվա Թեքնոլոջի 2024»-ին (Viva Technology 2024) հայկական միասնական տաղավարում ներկայացրել ենք 10 ոլորտային կազմակերպություններ և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը:
Եվ 2024 թվականի վերջին արտասահմանյան ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցել է, «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողով 2024»-ն (75th international astronautical congress 2024) է, որի շրջանակում հայկական միասնական տաղավարում ներկայացվել են 4 ոլորտային կազմակերպություններ: Այն տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբեր 14-18-ը Իտալիայի Միլան քաղաքում»,- ասաց Բադադյանը:
ՀՀ ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության պետն ընդգծեց՝ նախարարությունը շարունակելու է իր ջանքերը՝ զարգացնելու տեխնոլոգիաների ոլորտը և նպաստելու Հայաստանի ճանաչելիությանը՝ որպես նորարարության առաջատար երկրի։