Պեկինն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների նկատմամբ 10% մաքսատուրքերի սահմանմանը։ Փետրվարի 4-ին պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մի քանի րոպե անց Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Այսպես, 15% մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան ածխի և հեղուկացված բնական գազի նկատմամբ և 10% մաքսատուրքեր՝ նավթահումքի, գյուղտեխնիկայի և որոշ մեքենաների նկատմամբ։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից ներկրվող այս ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ին։
Չինաստանը նաև հայտարարել է, որ հակամենաշնորհային հետաքննություն է սկսում Alphabet Inc-ի Google ընկերության նկատմամբ։ Հետաքննությունը կտարածվի նաև PVH Corp-ի վրա, որի մեջ են մտնում տարբեր ապրանքանիշներ, օրինակ՝ Calvin Klein-ը, Tommy Hilfiger-ը, ինչպես նաև ամերիկյան բիոտեխնոլոգիական Illumina ընկերության վրա։
Բացի այդ, Չինաստանի առևտրի նախարարությունը և մաքսային վարչությունը հայտարարել են, որ հսկողություն են սահմանում վոլֆրամի, տելուրի, ռութենիումի, մոլիբդենի և ռութենիումի հետ կապված ապրանքների արտահանման նկատմամբ՝ «պաշտպանելու ազգային անվտանգության շահերը»: Չինաստանը վերահսկում է նման հազվագյուտ տարրերի համաշխարհային մատակարարումների մեծ մասը, որոնք կարևոր նշանակություն ունեն մաքուր էներգիայի անցման համար:
Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել, մինչդեռ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է 30 օրով։