Միացյալ Նահանգներ

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

2 րոպեի ընթերցում

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 10% մաքսատուրքերը փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել, մինչդեռ Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է 30 օրով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքերի սահմանմամբ փորձում է պատժել Չինաստանին դեպի ԱՄՆ անօրինական թմրամիջոցների հոսքը չկասեցնելու համար։ Պեկինի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը կարող է նոր առևտրային պատերազմի պատճառ դառնալ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև։ 

Դոնալդ Թրամփը Մեքսիկայի և Կանադայի ղեկավարներ Կլաուդիա Շեյնբաումի և Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում վերջին պահին մաքսատուրքերը կասեցնելու որոշում է կայացրել։ Դրա դիմաց Կանադան և Մեքսիկան պետք է ուժեղացնեն սահմանների պաշտպանությունը՝ դեպի ԱՄՆ անօրինական ներգաղթը և թմրանյութերի մաքսանենգությունը կանխելու համար։  

Չինաստանի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Չինաստանի իր պաշտոնակից Սի Ծինփինի հետ հեռախոսազրույց է պլանավորում այս շաբաթվա վերջին։ 

ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է ավելացնել չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, եթե Պեկինը չդադարեցնի ֆենտանիլի հոսքն ԱՄՆ։

«Հուսով ենք՝ Չինաստանը կդադարի մեզ ֆենտանիլ ուղարկել, իսկ եթե չդադարի, ապա մաքսատուրքերը զգալիորեն կավելանան», - ասել է Թրամփը փետրվարի 3-ին։ 

Չինաստանը հայտարարել է, որ ֆենտանիլն ԱՄՆ-ի խնդիրն է, ինչպես նաև նախազգուշացրել պատասխան միջոցների մասին, սակայն միևնույն ժամանակ բանակցությունների հույս է հայտնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում