Թրամփը Վաշինգտոնում ավիավթարի մեջ մեղադրել է նախկին վարչակազմին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից հետո գտել են «սև արկղերը»։ Բացի այդ, Պոտոմակ գետից, ուր ընկել էին օդանավերը, դուրս է բերվել 40 մարդու մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։

Կանզասի Վիչիտա քաղաքից չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուսումնական թռիչք իրականացնող ռազմական ուղղաթիռում՝ 3 զինվոր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ոչ ոք ողջ չի մնացել։ 

Թրամփը քննադատել է իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ նշելով, որ բազմազանության և ներառականության հետ կապված նախաձեռնությունները հանգեցրել են ավիացիայի ոլորտում մեղմ չափանիշների։ Նա նշել է, որ նախագահ Բարաք Օբամայից հետո ստանձնելով նախագահի պաշտոնը՝ փոխել էր ոլորտում ընդգրկվելու չափանիշները։

«Միայն ամենաբարձր ընդունակություններով անձինք, նրանք պետք է լինեն ամենաբարձր ինտելեկտով և հոգեբանորեն ամուր մարդիկ, կարող էին որակավորվել օդային երթևեկության կարգավարի դերի համար», - հայտարարել է Թրամփը՝ հիշատակելով տրանսպորտի նախկին նախարար Փիթ Բութիջիջին՝ նշելով, որ նրա կառավարումն «աղետալի» էր:

Փիթ Բութիջիջը X սոցիալական հարթակում արձագանքել է Թրամփի խոսքերին՝ նշելով, որ իր համար առաջնահերթ է եղել անվտանգությունը, և իրենց կառավարման տարիներին կոմերցիոն ոչ մի ինքնաթիռ ավիավթարի չի ենթարկվել։ 

«Այժմ նախագահ Թրամփն է ղեկավարում բանակը և Ավիացիայի դաշնային վարչությունը։ Նրա առաջին հրամանագրերից մեկն էր աշխատանքից հեռացնել առանցքային աշխատակիցներին, որոնք օգնում էին մեր երկինքն ապահով պահել», - գրել է նախկին պաշտոնյան։

CNN-ը հաղորդում է, որ հունվարի 29-ի գիշերը օդանավերի բախման պահին երկու կարգավարի փոխարեն աշխատում էր մեկը։ Հարցին՝ արդյոք բախման պատճառը եղել է աշխատակիցների թվի կրճատումը, Թրամփը պատասխանել է, որ հարցը բանիմաց լինելու մեջ է։

«Նման բան չպետք է տեղի ունենար։ Ես հենց այդ մասին եմ խոսում.... Եթե ճիշտ մարդիկ լինեն տեղում, շատ մարդկանց կարիք չի լինի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ ավիավթարի պատճառների հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի 30 օրվա ընթացքում։ «Սև արկղերը» կուղարկվեն գերատեսչության լաբորատորիա՝ վերլուծության։ 

Հայերեն Русский

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում

Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իրավազորությունից չի հրաժարվել. Փաշինյան

Փաշինյանը Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտված է համարում

ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի հետ