Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնում ավիավթարի նախորդ օրը մեկ այլ ինքնաթիռի օդաչու հայտնել է ուղղաթիռի հետ բախման վտանգի մասին. The Washington Post

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում ավիավթարի նախորդ օրը մեկ այլ ինքնաթիռի օդաչու հայտնել է ուղղաթիռի հետ բախման վտանգի մասին. The Washington Post

Վաշինգտոնում 67 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարից ընդամենը մեկ օր առաջ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում մեկ այլ ուղևորատար ինքնաթիռի ճանապարհին վայրէջքից առաջ ուղղաթիռ է հայտնվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով օդային երթևեկության կարգավարների ձայնագրությունը։

Օդաչուները ստիպված են եղել ընդհատել վայրէջքը և շրջել օդանավը։ Նրանք երկրորդ փորձից, ի վերջո, ապահով վայրէջք են կատարել։ 

Իր հերթին CNN-ը հայտնում է, որ օդաչուները նախկինում ևս արձանագրել են Վաշինգտոնի օդանավակայանում վայրէջք կատարելիս ուղղաթիռների հետ բախումից խուսափելու մի քանի դեպք։ 

2024 թ. ապրիլին ուղևորատար ինքնաթիռի օդաչուներից մեկը գրել է, որ Վաշինգտոնի օդանավակայան վայրէջք կատարելիս բախումից խուսափելու համակարգն ահազանգ է տվել՝ ցույց տալով, որ ինքնաթիռից 100 մ ներքև ուղղաթիռ կա։ Անձնակազմն, ըստ զեկույցի, խուսանավել է և կարողացել ապահով վայրէջք կատարել։ 

Օդաչուները նման միջադեպեր են արձանագրել նաև 2022 թ. սեպտեմբերին և հոկտեմբերին։ 

Reuters գործակալությունն իր հերթին զրուցել է մի քանի օդաչուների հետ, որոնք հայտնել են, որ Վաշինգտոնի օդանավակայանում վայրէջք կատարելը բավական բարդ է. օդանավակայանին մոտեցող ինքնաթիռները պետք է մեծ ճշգրտությամբ անցնեն թռիչքային նեղ ուղիով, որպեսզի խուսափեն մոտակայքում գտնվող Սպիտակ տան և Պենտագոնի արգելված օդային տարածքից։

Հունվարի 29-ի ուշ երեկոյան American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռը բախվել են օդում։ Բախումը տեղի է ունեցել, երբ Կանզասի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն (Կոլումբիայի շրջան) չվերթ իրականացնող ինքնաթիռն արդեն պատրաստվում էր վայրէջքի Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում։ Ուղևորատար ինքնաթիռում գտնվում էր 64 մարդ՝ 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Իսկ Վիրջինիայի Ֆորտ Բելվուար ռազմակայանից ուսումնական թռիչքի դուրս եկած ռազմական ուղղաթիռում գտնվում էր 3 զինվոր։ Ոչ ոք ողջ չի մնացել։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում