ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կանգնած է էկոլոգիական լուրջ մարտահրավերների առաջ: Անտառածածկ տարածքների պակասը ոչ միայն սպառնում է շրջակա միջավայրին, այլև խոչընդոտում է երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ My Forest Armenia նախաձեռնությունը, որն իրականացվում է հիմնադրի՝ Անտրէ Գումուշճեանի տեսլականի շնորհիվ, ծառայում է այս մարտահրավերներին պատասխանելու նպատակին՝ միաժամանակ համատեղելով բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերը։
Հայաստանը, լինելով հիմնականում չոր կլիմայով տարածաշրջան, խիստ կախված է անտառներից՝ ջրի, հողի բերրիության և կլիմայական հավասարակշռության ապահովման համար։ «Անտառների առանցքային դերն ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Ջրի 75%-ը, որը մարդիկ օգտագործում են ողջ աշխարհում, գալիս է անտառներից։ Հայաստանում օգտագործվող ջրի 55%-ը կախված է անտառներից», – նշում է My Forest Armenia-ի հիմնադիրը։
Անտառները կարևոր են ոչ միայն ջրի պահպանման, այլև գյուղատնտեսության և կլիմայական հավասարակշռության համար։ «Անտառները կարգավորում են տեղումները, ինչը կենսական է մեր գյուղատնտեսական մշակաբույսերի համար։ Առանց անտառների մենք ոչ միայն կկորցնենք ջուրը, այլ նաև վտանգի կենթարկենք մեր սննդի ապահովումը», - ասում է Անտրէ Գումուշճեանն ու կարևորում մարդկային ազդեցությունը և անհատական պատասխանատվությունը։
«Մենք բոլորս առանց գիտակցելու նպաստում ենք մոլորակի կործանմանը։ Յուրաքանչյուր լիտր բենզին, որը օգտագործում ենք, արտադրում է 2,3 կգ CO₂։ Մեր խնդիրն է մտածել մեր ազդեցության մասին և գտնել ուղիներ՝ այն նվազեցնելու կամ փոխհատուցելու համար»,-նշում է նա։
Անտառների սոցիալական նշանակությունը ևս անհերքելի է։ Համայնքային և սոցիալական բաղադրիչները նույնպես անբաժան են այս նախաձեռնության մեջ։ Նոր անտառների ստեղծումը միաժամանակ ծառայում է որպես տնտեսական աջակցության աղբյուր համայնքների համար․ «Մեր հավաքած միջոցների մոտ 80%-ն ուղղակիորեն ներդրվում է աշխատանքի համար, ինչն օգնում է բնակիչներին հեռավոր գյուղական վայրերում։ Մեր անտառները տնկվում են լեռնային շրջաններում, որտեղ մարդիկ հաճախ չունեն աշխատելու հնարավորություն»։
Ավելին, այս անտառները երկարաժամկետ հեռանկարում կստեղծեն նոր հնարավորություններ համայնքների համար՝ ներառյալ պտղատու ծառերի բերքահավաքը, մեղվապահությունը, էկոտուրիզմը և զբոսաշրջային երթուղիները։ «Մեր նպատակը ոչ միայն ծառ տնկելն է, այլ նաև համայնքներին երկարաժամկետ եկամուտ ապահովելը։ Մենք հավատում ենք, որ անտառների ստեղծումը կարող է փոխել մարդկանց կյանքը», - շեշտում է Անտրէ Գումուշճեանը։
Նախաձեռնությունն ունի նաև իր բազում մարտահրավերները՝ ֆինանսավորումից մինչև օրենսդրություն։ Ամենակարևորները երեքն են՝ ֆինանսավորում, հողերի ընտրություն և աշխատուժի ներգրավում։ «Սկզբում դժվար էր գտնել հողեր, քանի որ Հայաստանում տարածքները հիմնականում օգտագործվում են հողագործական նպատակներով կամ որպես արոտավայր։ Մենք հաճախ ստանում ենք լեռնային, դժվարամատչելի տարածքներ՝ 1700-2000 մետր բարձրության վրա»,-նշում է հիմնադիրը։
Օրենսդրական խնդիրները ևս մեծ մարտահրավեր են․«Հայաստանի օրենսդրությունը դեռ պատրաստ չէ ոչ պետական հասարակական կազմակերպություններին անտառվերականգնման հարցում աջակցելուն։ Անտառային տարածքները հիմնականում պատկանում են պետությանը կամ համայնքներին, ինչը սահմանափակում է մեր գործողությունների տարածքը»։
Չնայած այս դժվարություններին՝ My Forest Armenia-ն արդեն սկսել է համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ։ Օրինակ, շվեյցարական կառավարության աջակցությամբ 4 տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել 800,000 շվեյցարական ֆրանկ, իսկ 2026 թվականին նախատեսվում է մեկնարկել ևս մեկ խոշոր ծրագիր Green Climate Fund հիմնադրամի հետ։
Նախաձեռնությունն արդեն ունի մի քանի նախագծեր՝ ներառյալ «Հայաստան-Բելգիա հայկական անտառը» Սևանա լճի մերձակայքում։ Այս ծրագրով, որը հիմնականում ֆինանսավորվում է Բելգիայում ապրող հայերի կողմից, նախատեսվում է տնկել 50,000 ծառ։
Անտառներ ստեղծելու այս բոլոր նախաձեռնությունները մի կարևոր ուղերձ են կրում․ «Անտառները միայն էկոլոգիական խնդիր չեն։ Դրանք հույսի և ապագայի մասին են։ Եթե մենք տնկում ենք անտառներ, դա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք ապրել այստեղ և կառուցել մեր երկրի ապագան հաջորդ 100 տարիների համար», - ասում է Անտրէն։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն վերականգնել Հայաստանի անտառածածկը, որը կազմում է ընդամենը 9%, այլև ցույց տալ, որ անտառների ստեղծումը կյանքի ու երկրի պահպանման հիմնական բաղադրիչն է։
«Հայաստանի համար սա կենսական նշանակություն ունի։ Համեմատության համար՝ Հայաստանի անտառածածկը գնահատվում է ընդամենը 9%։ Սա չափազանց ցածր է։ Բելգիայում, օրինակ, միջինն է 22% (Ֆլանդրիայում՝ 16%, Վալոնիայում՝ 34%)։ Ֆրանսիայում 31% է, իսկ ԱՄՆ-ում՝ 34%։ Վրաստանում՝ 39%, իսկ Թուրքիայում՝ 23%։ Հայաստանը շատ հետ է մնում, և կարևոր է գործել՝ անտառածածկը մեծացնելու համար»։
Հայաստանը, լինելով մի տարածաշրջան, որտեղ ջուրը և կլիմայական հավասարակշռությունը կախված են բնական ռեսուրսներից, կանգնած է հրատապ մարտահրավերների առաջ։ «Անտառները պետք է լինեն ազգային անվտանգության հարց, քանի որ առանց անտառների մենք չենք կարող երաշխավորել մեր երկրի ապագան։ Երկիր կառուցելը միայն ակնթարթային օգուտներ փնտրելը չէ, այլ նաև ապագայի համար աշխատելը։ Եվ երկրի ապագան կառուցելը նշանակում է անտառներ ստեղծել, որպեսզի գալիք սերունդները կարողանան ապրել և բարգավաճել այստեղ», – ընդգծում է հիմնադիրը՝ ներկայացնելով անտառների կարևորությունը ինչպես էկոլոգիական, այնպես էլ սոցիալական տեսանկյունից։
My Forest Armenia-ն իր հիմնադրումից ի վեր՝ չորս տարում տնկել է 2 միլիոն 350 հազար ծառ, որի շնորհիվ 750 հեկտար հողատարածք կդառնա անտառ։ Կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն անտառներ ստեղծելու, այլև շեշտադրում է այն հանգամանքը, որ անտառների ստեղծումը ոչ միայն նպաստում է շրջակա միջավայրի վերականգնմանը, այլ նաև ուղերձ է ապագայի նկատմամբ վստահության մասին։ Ուղերձին ականջալուր լինողներն ու Հայաստանի անտառապատման գործում լումա ներդնել ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել նախագծի պաշտոնական կայքում։