Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կշարունակի աշխատանքը թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը:
Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում:
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկ»-ը հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ: