Հայաստան

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» տեղափոխվող «Գավառի մանկատան» սաները ԱՍՀ նախարարի հետ ծանոթացել են կենտրոնի պայմաններին

3 րոպեի ընթերցում

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» տեղափոխվող «Գավառի մանկատան» սաները ԱՍՀ նախարարի հետ ծանոթացել են կենտրոնի պայմաններին

«Գավառի մանկատան» սաներն, ովքեր առաջիկայում տեղափոխվելու են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի և կազմակերպության «Կոտայք» մասնաճյուղի տնօրեն Ռուբիկ Փաշինյանի հետ շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայությունների շրջանակին, տվել իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխանները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, երեխաներին ներկայացվել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի պատմությունը, կազմակերպության կողմից մատուցվող խնամքի տեսակները, մանկատան և կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների տարբերությունները՝ մասնավորապես այն, որ երեխաներն այստեղ ապրելու են ընտանեկանին մոտ միջավայրում՝ առանձնացված տներում (առավելագույնը 6 անձ)՝ «ՍՕՍ ընտանիքներ»-ում կամ «ՍՕՍ մայրեր»-ի խնամքին։ 

Խնամքի ձևը լինելու է ընտանեկանին առավելագույնս մոտ. երեխաներն այստեղ խնամք են ստանալու մինչև 18 տարեկանը լրանալը, որից հետո նրանք անցնելու են ուղեկցող անկախ բնակության փուլ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և ուղղորդմամբ։ 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում են այլընտրանքային խնամքի հետևյալ ծառայությունները՝ ընտանեկան տիպի խնամք, երկարաժամկետ և ճգնաժամային, խնամք՝ ինտեգրված ընտանիքներում, խնամք՝ խնամատար ընտանիքներում, ուղեկցող անկախ բնակության փուլ։ Կարիքի գնահատումն ու անհատական զարգացման պլանի կազմումն իրականացվում է երեխայի հետ՝ հաշվի առնելով նրա կարիքներն ու հնարավորությունները։ 

Երեխաները հաճախում են համայնքային դպրոց, օգտվում բուժհաստատությունների և համայնքային ծառայություններից։ Ըստ անհրաժեշտության, ստանում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի ծառայություններ։ Կրթությունից հետ մնացած երեխաների հետ աշխատանքում ներգրավվում են մանկավարժներ։

Երեխաների համար կազմակերպվում են բազմաթիվ դասընթացներ՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական կողմնորոշմանը. կազմակերպվում է ամառային հանգիստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում