Նոր գիրք

«Նոր գիրք»-4/25. Համսուն, Կարլո, Հարիս

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-4/25. Համսուն, Կարլո, Հարիս

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: 

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականի վերջին և 2025 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Քնյութ Համսուն, «Հողի բարիքը» 

472897625_2228950157487231_3133452135649353594_n.jpg

Նորվեգացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Քնյութ Համսունի «Հողի բարիքը» վեպը XX դարի ամենահզոր ու իրապաշտական գրական գլուխգործոցներից է: 1917 թ. լույս տեսած վեպը հնչում է որպես օրհներգ՝ ուղղված հողին ու աշխատանքին, հողագործին ու նրա ստեղծած բարիքին: Վեպի հերոս Իսակը, քաղաքակրթությունից խզվելու անհագ ցանկությամբ, իրեն նետում է անեղծ բնության ամայի անկյուններից մեկը և փորձում Է կյանքի իմաստը որոնել հողի վրա քրտինք թափող շինականի խաղաղ աշխատանքի մեջ: Թարգմանությունը նորվեգերենից՝ Հակոբ Սարգսյանի։ Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Կոլլոդի Կարլո, «Պինոկիո»

474359134_1132506938333788_324958181382511220_n.jpg

Փոքրիկ, անկարգ փայտե տիկնիկ Պինոկիոն, չլսելով իր հայրիկ Ջեպետոյին, փորձություններով ու արկածներով լի ճանապարհ է անցնում: Իսկ այդ ընթացքում ձեռք է բերում մարդկային այնպիսի կարևորագույն հատկանիշներ, ինչպիսիք են ազնվությունը, արդարությունը, բարեխղճությունը, գթասրտությունը: Եվ ահա...դառնում է իրական տղա: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Կամալա Հարիս, «Մեր դավանած ճշմարտությունը»

474157050_1538931120152719_7681455878821459578_n.jpg

Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: 

Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ: 

ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով վաղ տարիքում ստացած անհավասարության դասերի ու այն մասին, թե որքան դժվար էր 50 տարեկանում նորից կյանքը դասավորել երկու երեխա ունեցող, ամուսնալուծված տղամարդու հետ:

Կամալան պատմում է իր երազանքների, կենսունակության, արդարության հանդեպ կրքի ու իր զարմանալի կյանքի մասին: Այս գիրքը նաև դժվարին ժամանակներում խնդիրների լուծման, ճգնաժամային կառավարման և առաջնորդության յուրահատուկ ձեռնարկ է: Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում