Քաղաքականություն

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե» նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

3 րոպեի ընթերցում

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը «Եվրաքվե»  նախաձեռնությունը համարում է ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ

Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասն անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնած «Եվրաքվե» նախաձեռնությանը՝ որպես ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 23-ին Երևանում մեկնարկած Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկմանը նա ընդգծեց, որ ժողովրդավարական գործընթացները շատ ավելի հզոր գործիք են, քան ավտոկրատական որոշումները։ 

«Ժամանելով Երևան՝ ունեմ նոր օրինակ։ Ձեր քաղաքացիները ստորագրություն են հավաքել՝ ուղղված կառավարությանը և խորհրդարանին՝ եվրոպական ինտեգրման գործընթաց սկսելու առաջարկությամբ։ Այժմ տեսնում եմ, որ կառավարությունն աջակցում է այս նախաձեռնությանը, և այն կլինի քննարկման առարկա խորհրդարանում։ Սա վկայում է, որ, լինելով ժողովրդավարական երկիր, կարող ենք հասնել միասնականության թե՛ քաղաքական կուսակցությունների, թե՛ հասարակության շրջանում»,- նշեց Օլեկասը։ 

Նրա կարծիքով՝ ժողովրդավարությունը լավագույն միջոցն է ուժեղ և խաղաղ միջավայր ստեղծելու համար։ 

«Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում ժողովրդավարությունը նպաստում է խաղաղության և բարեկեցության հաստատմանը։ Այսօր Եվրամիությունն այն տարածաշրջանն է, որտեղ մարդիկ ապրում են խաղաղ, և ժողովրդավարությունը հիմք է դարձել այդ միջավայրի ձևավորման համար»,- նշեց նա։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։  Նախագիծը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստորագրահավաք էր սկսել Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել էր  օրենքով սահմանված ժամկետում հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, որպեսզի հնարավոր լինի օրինագիծը ներկայացնել ՀՀ կառավարության և խորհրդարանի քննարկմանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում