Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում վարելու է սկզբունքային քաղաքականություն, քանի որ այս տարածաշրջանը գտնվում է կարևորագույն ենթակառուցվածքային հանգույցների վրա։
Գուրգեն Սիմոնյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությանն ու հայ-ամերիկյան հարաբերություններին։
Նրա խոսքով՝ ամերիկյան քաղաքականությունը շրջաբերաբար փոխվում է, բայցևայնպես պետք է նշել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի մյուս դերակատարները Հանրապետական կուսակցության դասական գաղափարախոսությունը ներկայացնող գործիչներ են, որոնք կպահպանեն հավասարակշռությունը։ Բացի դրանից, նոր կառավարությունում և պետքարտուղարությունում ընդգրկված են նաև բավականին հայանպաստ դիրքորոշում ունեցող անձինք։
«Նորընտիր նախագահ Թրամփի հայտարարությունները, թեև առաջին հայացքից անսովոր են, այդուհանդերձ, պետք է փաստել, որ Միացյալ Նահանգները ռազմավարական ընտրանի, խորը ինստիտուցիոնալացված քաղաքական համակարգ ունեցող պետություն է, հետևաբար մեկ անձի կամարտահայտությունը կամ դիրքորոշումը վճռորոշ ազդեցություն չունի, ինչպես կարող է լինել, օրինակ, Հայաստանի պարագայում։ Այդուհանդերձ, ականատես ենք լինում բավականին հետաքրքիր հայտարարությունների ներկայիս փոփոխվող աշխարհում, որոնց կիրառելիությունը ցույց կտա ժամանակը»,- ասաց Սիմոնյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփի հայտարարությունները ոչ թե ծավալապաշտական են, դրանց հիմքում ոչ թե հավելյալ տարածքներ նվաճելն է, այլ դրանց առանցքում, Թրամփի բնորոշմամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության բաղադրիչն է։
«Մենք ապրում ենք գլոբալ հակամարտությունների ու դիմակայությունների ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում առկա անկայուն իրավիճակներով։ Այդ տեսանկյունից Թրամփի արտահայտած մտքերը տեղավորվում են համաշխարհային ընդդիմամարտության, այլ ոչ թե ծավալապաշտության համատեքստում։ Մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհը քայլում է բարակ թելի վրայով, ուստի անհրաժեշտ է պատրաստվել ճգնաժամային իրողությունների, այլ ոչ թե բարենպաստ իրավիճակների։ Առողջ տրամաբանությունն առհասարակ առաջ է քաշում այն հիպոթեզը, որ լավ ժամանակների պատրաստվելու կարիք էլ չկա, ավելի տրամաբանական է պատրաստվել դժվար ժամանակների»,- նշեց մեր զրուցակիցը։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն անդրկովկասյան ուղղությամբ հետայսու վարելու է սկզբունքային քաղաքականություն, որովհետև մեր տարածաշրջանը գտնվում է կարևորագույն ենթակառուցվածքային հանգույցների վրա, որը Եվրասիական տիրույթում ընթացող ընդդիմամարտության համատեքստում և ռազմավարական նշանակության տեսանկյունից կարևոր տարածաշրջան է։ Ըստ Սիմոնյանի՝ այն ուժային կենտրոնը, որը մեծ հնարավորություններ կունենա և կկարողանա ընդլայնել իր ազդեցության գոտիները մեր տարածաշրջանում, նա էլ ի վերջո հաղթանակած դուրս կգա գլոբալ մրցակցությունից։
«Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը խիստ կարևոր է Ռուսաստանի համար, ինչպեսև տարածաշրջանային տերությունների կարողությունների առումով։ Այն խիստ կարևոր է նաև հավաքական Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի համար, հետևաբար ենթակառուցվածքային այս պայքարում Միացյալ Նահանգները ցուցաբերելու է սկզբունքային դիրքորոշում, ինչն արդեն տեսանելի է նրա կողմից վարվող քաղաքականության պարագայում։ Թրամփի երդմնակալությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների, դրանց հիմնական ուղղությունների և փաստաթղթերի վերաբերյալ որևէ բացասական հռետորաբանություն չենք լսել։ Թրամփը հակված է նշված ուղղությունն առաջ տանելուն և զարգացնելուն»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով վերջերս ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական խարտիային՝ Սիմոնյանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթը բացում է լայնածավալ աշխատանքների տեղ, որում նշված են կոնկրետ նպատակային կետեր, որոնց կյանքի կոչելուն պետք է միտված լինեն երկու երկրների կառավարություններն ու իշխանությունները։
«Անհրաժեշտ է, որ Հայաստանն իրականացնի լայնածավալ բարեփոխումներ և սկզբունքային ռազմաքաղաքական շրջադարձ, այլապես այդ փաստաթղթում նշված բարի կամքի դրսևորումներն ու հանձնառությունները կմնան թղթի վրա։ ԱՄՆ-ն ու Հայաստանը պարտավորվել են, որպեսզի բազմաթիվ ոլորտներում մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար դրսևորեն քաղաքական կամք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Խոսելով հայկական կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կենսունակության մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ խաղաղությունն ու պատերազմը պայմանավորված չեն միայն մեկ պետության քաղաքականությամբ, այլ հետևանք են արտաքին աշխարհի հետ փոխպայմանավորված քաղաքականության, կապված են միջազգային տրամադրությունների և համաշխարհային մոտեցումների հետ։
«Փոխշահավետ ենթակառուցվածքների նախագիծը չի ենթադրում միայն խաչմերուկ, այլ կարող է նաև մասամբ իրագործվել, օրինակ, Հյուսիս-Հարավ առանցքի համատեքստում, որովհետև խաչմերուկը ենթադրում է նաև Արևելք-Արևմուտք ուղղությունները, թեև դժվար է ասել, թե ուժային որոշ կենտրոններ որքանով շահագրգռված կլինեն Արևմուտք-Արևելք ենթակառուցվածքների այնպիսի զարգացմամբ, ինչպիսին կցանկանային տեսնել Հյուսիս-Հարավի պարագայում։ Մյուս կողմից մեկ տնտեսական ու ռազմավարական ուղենիշ սահմանելը բավականին խոցելի է պետության համար։ Լավ կլիներ, որ ՀՀ-ն նաև միջուկային հարցը բարձրացներ ռազմավարական մակարդակի, առավել ևս, որ հայ-ամերիկյան խարտիայում նշված է ատոմի խաղաղ օգտագործման և միջուկային տեխնոլոգիաների չտարածման հանձնառության մասին։ Լավ կլիներ նաև առաջադեմ տեխնոլոգիաների մասով Հայաստանն ունենար համապատասխան ռազմավարություն և կոնկրետ առաջարկներ, սակայն մեր ինտելեկտուալ կապիտալն այդքան էլ ակտիվ չէ, և հարցերը քննարկվում են լուսանցքում»,- եզրափակեց քաղաքագետը։