ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաները ձեռնամուխ են եղել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների ազատ արձակման շուրջ գործարքի երկրորդ փուլի քննարկմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները:
Walla հարթակի աղբյուրի համաձայն՝ իսրայելական հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավար Դավիդ Բառնեան և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության՝ «Շին Բեթ»-ի տնօրեն Ռոնեն Բարը գործարքի շուրջ բանակցություններ են անցկացրել այս շաբաթ Կահիրեում Եգիպտոսի հետախուզության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Channel 12-ը հաղորդում է, որ Եգիպտոսում գտնվելու ժամանակ Բարը և Բառնեան հատկապես քննարկել են գործարքի երկրորդ փուլի մանրամասները, այդ թվում՝ պաղեստինցի բանտարկյալների թիվը, որոնք ազատ կարձակվեն յուրաքանչյուր ազատ արձակված իսրայելցի պատանդի դիմաց:
Ինչպես հաղորդում է Walla-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը նույնպես բանակցություններ կվարի հրադադարի երկրորդ փուլի շուրջ, երբ նա ժամանի նշված վայր։
The Jerusalem Post հրատարակության զրուցակիցները հայտարարել են գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։ Նրանք այն կարծիքին են, որ ՀԱՄԱՍ-ը կկատարի պատանդների շուրջ համաձայնագրի պայմանները և հունվարի 25-ին ազատ կարձակի ևս չորսին: Բացի այդ, պաղեստինյան շարժումը կտրամադրի մնացած պատանդների անունների ամբողջական ցուցակը, որոնք ազատ կարձակվեն 42 օրվա ընթացքում, ինչպես նաև մանրամասն տեղեկություն նրանց առողջական վիճակի մասին։
Համաձայնագրում, որն ստորագրվել է մեկ շաբաթ առաջ, ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ցուցակը հանձնել հրադադարի յոթերորդ օրը։
Նշվում է, որ գործարքի երկրորդ փուլի քննարկումներն սկսվել են նախատեսված ժամկետից երկու շաբաթ առաջ։