Աշխարհ

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպով հոսպիտալացումների թիվը կշարունակի աճել

3 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ եվրոպական տարածաշրջանում գրիպով հոսպիտալացումների թիվը կշարունակի աճել

Եվրոպական տարածաշրջանում գրիպով հիվանդացության հետևանքով հոսպիտալացման թվի աճ կարող է նկատվել առաջիկա շաբաթներին։ Այդ  կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել բնակչության խոցելի խմբերի, ներառյալ տարեցների և հղի կանանց պաշտպանությանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Գրիպի վիրուսի ակտիվությունը սովորաբար գնահատվում է թեստերի հիման վրա, որոնց 50-60 %-ը հունվարի վերջին կամ փետրվարին հաստատում են հիվանդության առկայություն։ Սակայն թեստերի 36%-ն է գրիպի դրական արդյունք ցույց տվել։

«Դա վկայում է, որ սեզոնը դեռ չի հասել իր առավելակետին, և հոսպիտալացումների թիվը,  հավանաբար, կշարունակի աճել առաջիկա շաբաթներին», - նշել են ԱՀԿ-ում:

2024 թվականի նոյեմբերի վերջին սեզոնային գրիպի համաճարակի պաշտոնական սկզբից ի վեր, «շնչառական վարակների ցուցանիշները շարունակել է աճել ԱՀԿ-ի ամբողջ եվրոպական տարածաշրջանում», հիշեցրել է համաշխարհային կազմակերպությունը։ ԱՀԿ-ն ընդգծել է, որ «չնայած գրիպի սեզոնի մասշտաբները գտնվում են սպասվող ընդգրկույթի սահմաններում, կարևոր է, որ առողջապահության մարմինները և առանձին անձինք շարունակեն ակտիվորեն աշխատել վարակի տարածման սահմանափակման և բնակչության առավել խոցելի խմբերի, ներառյալ տարեց մարդկանց, հղի կանանց, թուլացած իմունիտետով և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց պաշտպանության նպատակով»:

ԱՀԿ-ն նաև ուշադրություն է հրավիրել այն սպառնալիքի վրա, որն առողջության համար նախկինի պես ներկայացնում է COVID-19-ը, թեև հիվանդացածների թիվն այժմ այնքան մեծ չէ, որքան համավարակի ամենաակտիվ շրջանում։ 

Ըստ կազմակերպության՝ «կարևոր է լինել զգոն և կիրառել պաշտպանիչ միջոցներ»՝ հաշվի առնելով, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել դեպի վատը, «օրինակ՝ մեծ վարակելիությամբ կորոնավիրուսի տարբերակների ի հայտ գալով»։ ԱՀԿ-ն վստահ է, որ «պատվաստումները մնում են կենսականորեն կարևոր միջոց բնակչության առավել խոցելի խավերի կյանքի  փրկության համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում