Տնտեսություն

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

3 րոպեի ընթերցում

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում՝  իրենց և իրենց ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել նրանք, ովքեր 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք են բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել են ուսման վճար։ 

Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար պետք է ծառայություն մատուցողից` ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից, պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։ Եթե սոցիալական ծախսը կատարվել է Ձեր ընտանիքի անդամի համար, սակայն հայտարարատուն Դուք եք, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայության համարանիշը, նաև նրա ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50 000 դրամ է, իսկ կրթության գծով` տարեկան առավելագույն չափը 100 000 դրամ է։ 

Եթե հայտարարագիր ներկայացրած քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, ապա անձամբ չի կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը կարող է օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։

Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե հաշվետու տարվա համար  հաշվարկված և (կամ) վճարված եկամտային հարկի գումարների և նրան վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերության:

Սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու համար կարող եք դիմում ներկայացնել, եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո, միևնույն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում