Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի շուրջ քննարկումներին

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Ալեքսանդր Սիրունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թեկնածության շուրջ բարձրացված հարցերին։ 

Ալեքսանյանը մեկնաբանեց քաղհասարակության կազմակերպությունների այն հայտարարությունը, որտեղ նրանք կոչ են արել Ազգային ժողովին չեղարկել Սիրունյանի թեկնածության որոշումը և ձեռնպահ մնալ նրան ընտրելուց։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ալեքսանդր Սիրունյանը նախկինում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սոցիալական հարթակներում օգտագործել է հայհոյախառն բառապաշար և տարածել է ատելության խոսք։ 

Վահագն Ալեքսանյանը կասկած հայտնեց այս ՀԿ-ների օբյեկտիվության հարցում։

Նա ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը հաճախ նպաստել են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանը։

«Հաճախ եղել են դեպքեր, երբ ընդդիմության սադրանքներին տրվել են նաև լավ մարդիկ։ Իհարկե, մարդը պետք է զսպվածություն ունենա և փորձի ամեն կերպ խուսափել նման իրավիճակներից, բայց այստեղ պետք է հասկանալ, թե որն է եղել պատճառը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ալեքսանյանը։ 

Վահագն Ալեքսանյանն ընդգծեց, որ Ալեքսանդր Սիրունյանն այլևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, ինչը նշանակում է, որ նա կարող է անկախ գործել։

Ալեքսանյանը նաև վստահեցրեց, որ Սիրունյանը Ազգային ժողովում ելույթ ունենալու ժամանակ անդրադառնալու է բարձրացված հարցերին։ 

Հայերեն