Կրասնոդարի երկրամասի լողափերում հունվարի 17-ի դրությամբ մազութի կրկնվող արտանետումներ են արձանագրվել 41 տեղամասերից 8-ում՝ լցանավերի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարներից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի օպերատիվ շտաբի հաղորդագրությունը։
Նշվում է, որ հայտնաբերվել են մազութի աննշան բեկորներ։
Ավելի վաղ լցանավերի հետ տեղի ունեցած արտակարգ պատահարներից հետո Կուբանի աղտոտված ափը բաժանել են 41 տեղամասի։ Այնտեղ կատարվում է մազութով աղտոտված ավազի հավաքում, այն տանում են օգտահանման մասնագիտացված ձեռնարկություններ։ Լողափերի մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են, մի քանի օրվա ընթացքում տարածաշրջանում արձանագրել են կրկնվող արտանետումներ լողափերի մի քանի հատվածներում:
«Ամեն առավոտ հսկողություն է իրականացվում ափամերձ գծի տեղամասերում: Կրկնվող արտանետումների հայտնաբերման դեպքում դրանք հավաքում են առաջին հերթին: Անապայի և Տեմրյուկի շրջանի ափամերձ գծի ութ տեղամասերում մունիցիպալ խմբերը հունվարի 17-ին հայտնաբերել են մազութի աննշան կրկնվող արտանետումներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով վառելիքի արտահոսք է տեղի ունեցել։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի աղետի պատճառով ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։
Սևաստոպոլում մազութի արտանետումներ են գրանցվել հունվարի 3-ից։
Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։