Չինաստան

Հարցվածների 90 %-ը Չինաստանի տնտեսության շարունակական աճ է կանխատեսում. Global Times

6 րոպեի ընթերցում

Հարցվածների 90 %-ը Չինաստանի տնտեսության շարունակական աճ է կանխատեսում. Global Times

Չինական Global Times պարբերականը, հաշվի առնելով Չինաստանի նկատմամբ միջազգային լուրջ հետաքրքրությունը, հետազոտություն է իրականացրել՝ փորձելու պարզել, թե ինչպիսին են Չինաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ համաշխարհային պատկերացումները և Չինաստանի ընկալումն աշխարհում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Հարցմանը մասնակցել է ավելի քան 51 000 մարդ աշխարհի 46 երկրից՝ 14 զարգացած և 32 զարգացող։ Դրանք ներառում են երկրներ բոլոր մայրցամաքներից, այդ թվում՝ G20-ի, ԲՐԻԿՍ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները։ Չինաստանը հարցմանը չի մասնակցել։ 

Ըստ հետազոտության արդյունքների՝ Չինաստանի ընդհանուր ազգային հզորությունը գնահատվում է որպես «ուժեղ/բարձր»։ Տնտեսական հզորությունն ունի ամենաբարձր վարկանիշը՝ 77 %, որին հաջորդում են գիտատեխնիկական հզորությունը (75 %) և ֆինանսական հզորությունը (72 %):

Խոշոր երկրների միջազգային կարգավիճակի վարկանիշային աղյուսակում օտարերկրյա հարցվածների 20 %-ը, 27 %-ը և 17 %-ը Չինաստանը դասում են, համապատասխանաբար, առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականում: Global Times-ը նշում է, որ համապարփակ հաշվարկի մեթոդի հիման վրա Չինաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ 

ԱՄՆ-ն առաջին տեղում է՝ 47 %-ով: Ռուսաստանի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի միավորները մոտ են միմյանց։ Հարցվածների համեմատաբար մեծ տոկոսը երրորդ տեղում դասում է Ռուսաստանը, չորրորդում՝ Մեծ Բրիտանիան և Ճապոնիան:

Բացի այդ, հարցվածների մեծամասնությունը՝ գրեթե 80 %-ը, դրական է գնահատում Չինաստանի զարգացման հեռանկարները և զարգացման ներուժը։ 

Օտարերկրյա հարցվածների ավելի քան 90 %-ը կարծում է, որ Չինաստանի տնտեսությունը կշարունակի աճել հաջորդ տասնամյակում, իսկ գրեթե 60 %-ը կարծում է, որ Չինաստանը համաշխարհային տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է: 

Հարցումը նաև ցույց է տալիս, որ օտարերկրյա հարցվածների ավելի քան 90 %-ը հետաքրքրված է Չինաստանով, 40 %-ը մեծ հետաքրքրություն ունի այդ երկրի նկատմամբ, այդ թվում՝ 14 %-ը՝ «չափազանց հետաքրքրված է», իսկ 26 %-ը՝ «շատ հետաքրքրված»: Զարգացող երկրներից հարցվածները (95 %) ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանի նկատմամբ, քան զարգացած երկրների (86 %): Ինչ վերաբերում է Չինաստանի նկատմամբ սուբյեկտիվ տրամադրություններին, ապա օտարերկրյա հարցվածների 63 %-ը դրական կարծիք է հայտնում Չինաստանի մասին, մինչդեռ 20 %-ը չեզոք վերաբերմունք ունի:

Ընդ որում, աֆրիկյան երկրներում Չինաստանի վերաբերյալ դրական դիրքորոշումն ամենաբարձրն է և հասնում է 84 %-ի։ Այս ցուցանիշը ավելի քան 70 % է Լատինական Ամերիկայում, ԲՐԻԿՍ-ի երկրներում և զարգացող երկրներում, գրեթե 70 %՝ ԱՍԵԱՆ-ի երկրներում և ավելի քան 60 %՝ Մերձավոր Արևելքի երկրներում: Եվրոպական երկրների գրեթե կեսը բարենպաստ կարծիք ունի Չինաստանի մասին, իսկ մոտ 30 %-ը չեզոք վերաբերմունք ունի։

Հարցումը նաև թվարկում է շուրջ 10 ներկայացուցչական բան Չինաստանի մասին և հետաքրքրվում դրանց վերաբերյալ հարցվածների կարծիքի մասին: Առավել մեծ ժողովրդականություն են վայելում Մեծ պատը (67 %), արագընթաց երկաթուղին (65 %), պանդաները (63 %) և սմարթ հեռախոսները (61 %)։ Օտարերկրյա հարցվածների ավելի քան 50 %-ն ընտրել է առանց վիզայի տարանցումը (57 %), էլեկտրական մեքենաները (55 %) և առցանց գնումները (55 %): Չինական խոհանոցը և TikTok-ը նախընտրում է հարցվածների 48 %-ը։

Ինչ վերաբերում է միջազգային հարցերին, հարցվածների 69 %-ն ակնկալում է, որ Չինաստանն ավելի մեծ մասնակցություն կունենա և ավելի մեծ դեր կխաղա միջազգային հարցերում: Հարցվածների 88 %-ը կողմ է այն բանին, որ Չինաստանն ավելի ակտիվ դեր խաղա համապատասխան միջազգային կազմակերպություններում, մեխանիզմներում կամ հարթակներում: Ավելի քան 80 %-ը հույս ունի, որ Չինաստանը կարող է ավելի շատ միջազգային ներդրում ունենալ տնտեսական և առևտրային համագործակցության, կրթության, մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Հարցվածների գրեթե երեք քառորդը ցանկանում է, որ Չինաստանն ավելի մեծ դեր խաղա աշխարհակարգի կառուցման և խաղաղության ու կայունության պահպանման գործում:

Բացի այդ, հարցվածները հույս են հայտնել, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կկայունանան և կբարելավվեն, քանի որ դա ոչ միայն վերաբերում է երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհին։ ԱՄՆ-ում հարցվածների 38 %-ը հույս ունի, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը կարող է «թուլանալ»։ Նրանց թիվը երկու անգամ ավելի է այն մարդկանց թվից, որոնք նախընտրում են, որ հարաբերություններն ընթանան դեպի «հակամարտություն» (18 %): Հարցումը նաև ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում ամերիկացիների շրջանում բարելավվել է «բարենպաստ ընկալումը» Չինաստանի նկատմամբ։

Ըստ հետազոտության արդյունքների՝ օտարերկրյա հարցվածների ավելի քան 80 %-ը կարծում է, որ իրենց երկրների հարաբերությունները Չինաստանի հետ բարեկամական են, նորմալ և ռազմավարական առումով համագործակցային, իսկ հարցվածների 10 %-ը Չինաստանը համարում է «մրցակից»:

Հարցման տվյալները նաև ցույց են տալիս, որ երիտասարդները ավելի են հետաքրքրված Չինաստանով և ավելի լավ տպավորություն ունեն այդ երկրից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում