Հայաստան

Հանցավոր մղումները ձևավորվում են հենց ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, պետք է արմատախիլ անել այն․ Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հանցավոր մղումները ձևավորվում են հենց ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, պետք է արմատախիլ անել այն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդկանց մոտ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց ընտանեկան, կենցաղային բռնության պայմաններում, երբ բռնությունը դառնում է կուլտուրա, իսկ եթե բռնությունն ընտանեկան ավանդույթն է, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման կարծիք հայտնեց ՀՀ կառավարության՝ հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։

Վարչապետի դիտարկմամբ՝ ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, այդ ընկալումը փոխվում է և պիտի փոխվի, և սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

«Ընտանեկան կամ կենցաղի պատերի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը, իսկ ցանկացած պատերից ներս որևէ տեսակի բռնությունն, իհարկե, ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին, որովհետև այդ պատերի ներսի բռնությանը չարձագանքելու դեպքում  այլ դրսևորումներ էլ են լինում, ընդ որում՝ կանխատեսելի և անկանխատեսելի»,-նկատեց Փաշինյանը։ 

Նրա նաև նշեց, որ կան երեխաներ, որոնք կրթությունից դուրս են մնում, այդ թվում՝ ընտանեկան, կենցաղային, ամենատարբեր հանգամանքների բերումով։ 

«Մենք, ի վերջո, պետք է նաև հասկանանք, թե մասնավորապես հենց ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանով է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալուց և կրթությանը հասանելիության իրավունքից, չնայած՝ մյուս կողմից ես կարծում եմ, որ աշխատանքը նույնպես կրթության շատ կարևոր բաղկացուցիչ է և այստեղ իհարկե ամեն ինչ բացարձակացնել պետք չի և շատ կարևոր է ճիշտ հավասարակշռություններ ունենալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նաև նկատեց, որ տարբեր առիթներով ասվում է հանցավորության աճի մասին, բայց դա այսբերգի երևացող կողմն է միայն։ 

«Մենք անընդհատ այսբերգի գագաթի հետ ուզում ենք կռիվ տալ: Չեմ ասում, որ դրանից պետք է հրաժարվել, բայց այդ հանցավոր մղումները շատ դեպքերում ձևավորվում են հենց ընտանեկան կենցաղային բռնության պայմաններում, երբ որ բռնությունը դառնում է կուլտուրա: Երբ բռնությունը տան մեջ կուլտուրա է, տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց, դպրոցից՝ հանրություն և այլն»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետի դիտարկմամբ՝ եթե բռնությունն ընտանեկան ավանդույթ է, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ 

«Ո՞վ է ասել, որ դա լավ բան է: Եվ հետևաբար, այս կարգի մեխանիզմները և կարգավորումները շատ կարևոր են։ Հարցադրում մեկ՝ արդյո՞ք բռնությունը մեր երկրում ընտանեկան ավանդույթ է։ Իմ կարծիքով՝ ոչ, բայց եթե պարզվի՝ այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը, և այստեղ որևէ բանավեճ, քննարկում, կասկած լինել չի կարող, այստեղ պետք է գործել լիարժեք և վճռական, իհարկե, բոլոր մնացած հավասարակշռությունները չխախտելով և ունքը սարքելու փոխարեն աչքը հանելու տրամաբանությունից երաշխավորված լինելով»,-ասաց վարչապետը: 

Նրա կարծիքով՝ այս հարցերում ևս պետք է շարժվել պետական մտածողությամբ, և եթե ընտանիքի ներսում ներդաշնակություն հնարավոր չի լինում հաստատել այն տրամաբանությամբ, որ դրա ձայնը դուրս է գալիս, լսելի է դառնում պետությանը, ուրեմն պետությունը պետք է արձագանքի, պետությունը չի կարող որևէ ձայն չնկատելու տալ, որովհետև ինչքան չլսելու տվեց այդ ձայնն, այն ավելի բարձրանալու է և վերջում դառնալու է այնպիսի մի պրոբլեմ, որն աղետալի հետևանքներ է ունենալու։

Վարչապետը կարծում է, որ այս քննարկումներն ավելի շատ պետք է որոշակի կանխարգելող նշանակություն ունենան։ «Մարդիկ պետք է իրենց հաշիվ տան, որ այնպես չի, որ ասեն՝ դե իմ երեխան է, կարող եմ երկու հատ էլ ապտակել: Մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի, և կա պետություն, որն անհրաժեշտ պահին միջամտելու է և գործելու է»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե որևէ մեկը հասել է նրան, որ պետք է սեփական երեխային ապտակի կամ բռնություն գործադրի, դա ընդամենը արձանագրում է, որ նախկինում ինչ-որ բան սխալ է արվել: 

«Հետևաբար՝ երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չի, պետք է սեփական գլուխը պատերով տալ և ոչ թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, որը հաստատ ոչ մի լավ բանի չի բերելու։ Սա պարզ կրթության և քաղաքակրթության հարց է և հարաբերությունների և հանրության առողջ լինելու հարց է»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում