Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտեց զինված ուժերում խնդրահարույց իրավիճակները, ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերը կանխելու համար պետության պարտականությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ը թեմային անդրադարձավ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Շատ խնդիրներ ի հայտ են գալիս այն պատճառով, որ Զինված ուժերում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որ հանգեցնում է, օրինակ, ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով, ինքնասպանությունների, ինքնանվանումների դեպքերի և այլն: Սա ընդհանուր դաշտն է դարձնում խնդրահարույց, նաև քաղաքացիների մոտեցումներն այս հարցի վերաբերյալ»,-ասաց Մանասյանը:
Նա հավելեց՝ պետք է քաղաքացիների պարտականության մասին խոսել, բայց միանշանակ պետք է խոսել նաև պետության պարտականության մասին՝ բացառելու այս դեպքերը:
«Այս առումով, միգուցե, որոշ զարգացումներ ունենք, բայց համարում եմ, որ այս առումով ունենք նաև շատ խնդրահարույց թերություններ, դրանց ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք: Այսինքն՝ դեֆորմացիայի պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետությունն իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»,-նշեց նա:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բանակից ապօրինի ազատման դեպքերի մասին: Նա խոսել էր այս առումով «դեֆորմացիայի» գործընթացի մասին: