Հայաստան

Զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը կընդլայնվի

4 րոպեի ընթերցում

Զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը կընդլայնվի

Կառավարությունն ընդունեց զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորումներին վերաբերող նախագիծը, որով ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 16-ի հերթական նիստի ընթացքում։ 

Որոշման նախագծի հիմնական զեկուցող, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները։

«Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը։ Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով՝ էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ կառավարության 2018 թվականի որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակներում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ։

«Բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կան հիվանդության ախտորոշման տարբերակներ, այսինքն՝ դրա արտահայտության թույլ ձև, միջին ձև և ավելի բարձր ձև։ Համակարգն ավտոմատ կերպով կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ գնալ կրկնակի փորձաքննությունների։ Ընթացիկ զորակոչի ժամանակ արդեն 1800-ից ավել զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության․ ըստ մասնագետների՝ այդ թիվը կարող է 90 տոկոսով պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով»,-մանրամասնեց Սուրեն Պապիկյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ կատարվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որն ամենակարևոր հանգամանքներից մեկն է՝ ապահովելով գործընթացի արդյունավետությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նախագծով նախատեսված համակարգի ներդնմանը, կարևորեց այն՝ նշելով, որ դա ունի ինչպես անվտանգային, առողջապահական, այնպես էլ քաղաքական ու հակակոռուպցիոն պայքարի նշանակություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում