Մերձավոր Արևելք

Հութիները հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

2 րոպեի ընթերցում

Հութիները հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին

Եմենցի հութիները («Անսար Ալլահ» շարժում) երկրորդ հրթիռային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին վերջին 12 ժամվա ընթացքում։ Ինչպես պնդում է շարժման զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հութիների ուժերը հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվում Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եմենի զինված ուժերի հրթիռային զորքերն իրականացրել են  ռազմական գործողություն՝ «Պաղեստին -2» տիպի հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով իսրայելական հակառակորդի, այսպես կոչված, պաշտպանության նախարարության վրա Յաֆֆոյի (խմբ.՝ Թել Ավիվ) օկուպացված շրջանում: Հրթիռը հասել է իր նպատակին, կալանման  համակարգերը չեն կարողացել հետևել դրան», - ասել է Սարիան հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում։

Հունվարի 14-ի առավոտյան իսրայելական բանակը ձեռնարկել է Եմենից արձակված հրթիռի «կալանման մի քանի փորձ»։ Հունվարի 13-ին հութիների զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է Թել Ավիվում «չափազանց կարևոր թիրախի» հրթիռային հարված հասցնելու մասին: Իսրայելի բանակի տվյալներով՝ այդ հարձակման ժամանակ հրթիռը կալանվել է երկրի օդային տարածության սահմաններից դուրս։

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը նախազգուշացրել է, որ գնդակոծելու է Իսրայելի տարածքը և թույլ չի տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունը չդադարի: 2023 թվականի նոյեմբերից հութիները հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Վերջերս հութիները պարբերաբար հայտարարում են Իսրայելի կենտրոնական շրջաններին, ներառյալ Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում