Իրավունք

Մշակվում է Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր

4 րոպեի ընթերցում

Մշակվում է Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր։ Ինչպես «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցած հանդիսավոր նիստին, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԱԱԾ տեղեկացմամբ՝ բացման խոսքով հանդես գալով՝ Արմեն Աբազյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրել նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների: 

«ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:

«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ:  Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասաց Ա. Աբազյանը:

Ամփոփելով 2024թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Սահմանազատման արդյունքում  ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասել է ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում