Հայաստան

Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ մետապնևովիրուս (HMPV) չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում 2024-ի ապրիլից մինչև այժմ մետապնևովիրուս (HMPV) չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: 

ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: 

Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

«Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։

Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ։

Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները։

Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով։

Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ։

Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ»:

Կենտրոնից զգուշացնում են՝ եթե նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում