Տնտեսություն

Տնտեսական ոլորտի անցուդարձը. «Արմենպրես»-ն ամփոփում է տարին

7 րոպեի ընթերցում

Տնտեսական ոլորտի անցուդարձը. «Արմենպրես»-ն ամփոփում է տարին

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2024–ն ամփոփում է 5.8 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  12–ամսյա ցուցանիշը պաշտոնապես կհրապարակվի հաջորդ տարեսկզբին, այս պահին առկա 11 ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով: 2024–ի պետական բյուջեի մասին օրենքով Կառավարությունը տնտեսական աճի թիրախ էր նախանշել 7 տոկոսը:

Տարվա ընթացքում Վիճակագրական կոմիտեն վերանայեց ու նվազեցրեց 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ըստ էության մաքրելով այն ազդեցությունը, որը նախկինում ուռճացված հաշվարկվում էր ոսկու վերաարտահանման պատճառով:

2024-ին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նկատմամբ շարունակեցին աճ արձանագրել, սակայն տարեսկզբի նկատմամբ աճի տեմպը հետզհետե թուլացավ:  Օրինակ, եթե հունվար–օգոստոսին առևտրաշրջանառությունն աճել էր 79.6 տոկոսով, ապա՝ հունվար–սեպտեմբերին՝ 73.5 տոկոսով, հունվար–հոկտեմբերին՝ 67.6 տոկոսով, հունվար–նոյեմբերին՝ 54 տոկոսով: Տարվա ընթացքում Հայաստանի առևտրատնտեսական հիմնական գործընկերները շարունակեցին մնալ Ռուսաստանը, Չինաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկը ողջ տարվա ընթացքում գլխավորեցին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի նկատմամբ աճն անգամներով էր: 

Ողջ տարվա ընթացքում Եվրամիության երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ նվազեցին, սակայն ԵՄ առանձին երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների աճ գրանցվեց: Նվազումը կարող է բացատրվել նրանով, որ Հայաստանը 2022 թվականի հունվարից դուրս է եկել Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից՝ GSP+ համակարգից, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում արտադրված ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել Եվրոպական միության երկրներ՝առանց մաքսատուրքի կամ՝ նվազեցված մաքսատուրքով: Սակայն պետությունը արտահանողների համար առաջացած այդ դժվարությունը մեղմելու նպատակով տարեվերջին շրջանառության մեջ դրեց մշակող արդյունաբերության ոլորտին աջակցություն նախատեսող օրենքի նախագիծ: Ըստ նախագծի՝ ԵՄ երկրներ հայկական ծագման ապրանք արտահանելու դեպքում տնտեսավարողը կստանա մաքսատուրքի փոխհատուցում: Նախագիծը դեռևս չի ընդունվել: 

Տնտեսական առումով տարին Հայաստանի համար առանձնացավ նաև նրանով, որ 2024-ին Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահող երկիր էր: 

2024–ին Կառավարության նախաձեռնությամբ ընդունվեցին տնտեսական ոլորտին առնչվող մի շարք նոր օրենսդրական կարգավորումներ: 

Մասնագիտական գործունեության որոշ տեսակներ կհանվեն շրջհարկի համակարգից 

Ամենաքննարկված նախագծերից էր մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու օրենսդրական նախաձեռնությունը: Նախագիծը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից, հնչեցին տարբեր դժգոհություններ ու քննադատություններ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց մոտ մեկ տասնյակ մասնագիտական ծառայություններ հարկման ընդհանուր համակարգ՝ այսինքն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ տեղափոխելու նախագիծը: Սակայն կառավարությունը խոստացավ, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ կանեն և միայն երեքը շրջանառության հարկի համակարգից կտեղափոխեն ավելացված արժեքի հարկով հարկման համակարգ: Խոսքն իրավաբանական գործունեության, հաշվապահական հաշվառման գործունեության և ֆինանսական խորհրդատվության խմբում գտնվող ծառայությունների մասին է: Այսինքն՝ նախատեսված 13 հազար հարկ վճարողի փոխարեն 3-4 հազար հարկ վճարողի հարկման համակարգ փոփոխության կենթարկվի: Նախագիծը երկրորդր ընթերցմամբ դեռևս չի ընդունվել:

Նոր արտոնություններ՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար 

Խորհրդարանը տարեվերջին ընդունեց Կառավարության ներկայացրած՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին պետական աջակցություն, հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրանով, ի թիվս այլ փոփոխությունների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը 5 տոկոսի փոխարեն սահմանվեց 1 տոկոս: 

Գյուղոլորտի արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կշարունակեն շահութահարկ չվճարել

Կառավարության ներկայացրած ու խորհրդարանի կողմից ընդունված մեկ այլ օրենքի նախագծով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների՝ շահութահարկի վճարումից ազատման ժամկետը երկարաձգվեց և 2024–ի դեկտեմբերի 31–ի փոխարեն սահմանվեց 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: 

Փոխադարձության սկզբունքով ճանապարհային հարկից արտոնություններ՝ իրանական բեռնատարներին 

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերին փոխադարձության սկզբունքով իրանական բեռնատարներին  ճանապարհային հարկից արտոնություններ տրամադրող օրենքի նախագիծ ընդունեց: 

Գնաճի նպատակային ցուցանիշի վերանայում

Կենտրոնական բանկի առաջարկով 2024–ի տարեվերջին ընդունված 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքում գնաճի նպատակային ցուցանիշը գործող 4 տոկոսի փոխարեն ամրագրվեց 3 տոկոս՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով: Դա նշանակում է, որ 2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս, առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս նպատակային՝ ±1.0 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ցուցանիշով:  

Կառավարությունը 2025–ին սպասում է 5.6 տոկոս տնտեսական աճ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում