Հայաստան

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ

2 րոպեի ընթերցում

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթ՝ ուղղված Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» պահանջների կիրառման և վերահսկողության ուժեղացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը վերաբերում են «Վարչական իրավախախտումների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներին և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին»։

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պարտադիր կիրառումը։ Հայաստանի օրենսդրությունում առկա էր միայն տեղական կանոնակարգերի վերահսկողություն, ինչը պահանջում էր օրենսդրական փոփոխություններ՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխան արտադրանք ներմուծելու և իրացնելու վերահսկողությունն ապահովելու համար։

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել վարչական պատասխանատվությունը, սահմանելով խախտումների կրկնության դեպքում տուգանքի կրկնապատկման մեխանիզմ։

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը։

Լրացումներ են առաջարկվում ծխախոտային արտադրանքի հետ կապված վարչական ակտերի վիճարկման հնարավորությունների կարգավորմանը։

Օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն կանխարգելել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը, բարձրացնել խախտումների վերահսկողության արդյունավետությունը, վերացնել իրավական անորոշությունները՝ տեղական և միջազգային կանոնակարգերի կիրառման միջև։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի բացառումը շուկայից, վերահսկողական մարմինների գործառույթների ամրապնդում, խախտումների կրկնության կանխարգելում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում