ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզչի և ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքելով 58 միավոր՝ Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտ»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը:
38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկել»-ի ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։ Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը: