Հայաստան

Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի

2 րոպեի ընթերցում

Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկի աշխատակիցները, գործադիր մարմնի ղեկավարները և խորհրդի անդամները միավորվել են ամանորյա բարի նախաձեռնության շուրջ՝ նվերներ պատրաստելով Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող 400 երեխայի համար։ Նախաձեռնությունն իրականացվել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, որի շնորհիվ սահմանամերձ գյուղերի երեխաների նամակները հասել են բանկի աշխատակիցներին:

Բանկի թե՛ գլխամասային գրասենյակի, թե՛ մասնաճյուղերի աշխատակիցներն անձամբ են ընտրել, գնել և փաթեթավորել նվերները։ Այս օրերին նվերները ճանապարհին են դեպի Սյունիքի մարզի ինը սահմանամերձ գյուղեր՝ Խոզնավար, Շուռնուխ, Որոտան, Քարաշեն, Կոռնիձոր, Բարձրավան, Արավուս, Խնձորեսկ և Խնածախ։ 

Հատուկ ուշադրություն է դարձվել Խոզնավար և Խնածախ գյուղերի մանկապարտեզներին։ 22 փոքրիկների համար ուղարկվել են գրենական պիտույքներ, խաղալիքներ և զարգացնող խաղեր՝ մանկապարտեզներում օգտագործելու համար։

«Մեր աշխատակիցների անմիջական մասնակցությունը այս նախաձեռնությանը վկայում է, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար ոչ միայն ռազմավարական ուղղություն է, այլ նաև անկեղծ նվիրում։ Հատկապես կարևորում ենք սահմանամերձ համայնքների երեխաների հանդեպ ուշադրությունը, և հուսով ենք, որ մեր նվերները կօգնեն ստեղծել տոնական տրամադրություն», - նշել է Գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալավերդյանը: 

Նախաձեռնությունը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շարքից է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում