Իրավունք

Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման մեղադրանքով

Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Արման Սահակյանը ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Լրացուցիչ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասված է Կիմա Ավդալյանի ներկայացրած պարզաբանման մեջ:

Ավելի վաղ Factor.am-ը, հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին ձերբակալել են փողերի լվացման մեղադրանքով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում